ՔԿՎ. Վրացի կին գործիչի վերաբերյալ սկանդալային տեսանյութի հրապարակման գործով նախաքննություն է իրականացվում
«Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին սկանդալային տեսանյութը հայաստանյան բանտում գտնվող դատապարտյալի կողմից հրապարակման փաստի առթիվ նախաքննություն է ընթանում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
Թե ով է տեսանյութի հրապարակման հեղինակը, որ ՔԿՀ-ում է գտնվում, ինչ հանցագործության համար է դատապարտված, ծառայությունից չհայտնեցին՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ տեսանյութի հրապարակման վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Ըստ այդմ, սկանդալային տեսանյութը ֆեյսբուքում հունվարին տեղադրել է buba lomtatidze անունով օգտատերը, ով, պարզվել է Վրաստանի քաղաքացի Դ.Ի-ն է ու սպանություն կատարելու մեղադրանքով պատիժն է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Դ.Ի.-ն Վրաստանից կնոջ հետ հեռացել է 2016թ.-ի նոյեմբերին։
«Վրաստանի ու Հայաստանի իրավապահների համագործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու խցից առգրավվել է նրան պատկանող Samsung մոդելի հեռախոս։ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է համագործակցել հայ գործընկերների հետ՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար»,-ասվել է ՆԳՆ հայտարարության մեջ։
Բեսելիայի խոսքերով, տեսանյութը եղել է 3 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի նյութերում։ Այդ ժամանակ քաղաքական գործիչների՝ սեռական բնույթի տեսանյութերը հայտնվեցին համացանցում, որը դիտվել էր հազարավոր մարդկանց կողմից։ Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ, այսինքն մինչև 2012թ.-ին Վրաստանում իշխանափոխությունը։