Վրաստանի պատգամավոր Էկա Բեսելիայի ինտիմ տեսանյութը ներբեռնվել է Հայաստանի կալանավայրից
Վրաստանի ներքին գործերի նախարարության, Հայաստանի իրավապահների ու ֆեյսբուք սոցիալական ցանցի ադմինիստրացիայի համագործակցության արդյունքում պարզվել է այն մարդու ինքնությունը, ով տարածել է Վրաստանի ամենաազդեցիկ պատգամավորներից մեկի՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Էկա Բեսելիայի անձնական կյանքի մասին սկանդալային տեսանյութը։ Այս մասին տեղեկանում ենք sputnik-georgia-ից։
Տեսանյութը, որը ինչպես Բեսելիան էր ասել, ունի ինտիմ բովանդակություն, սկսել էին ինտերնետում տարածել հունվարի 28-ից։ Մինչ այսօր տեսանյութը պահելու ու այն տարածելու պատճառով ձերբակալվել է 17 մարդ, որոնցից 3-ը, այդ թվում նաև Youtube-ում տեղադրողը կմնան կալանքի տակ՝ մինչև դատական վճռի կայացում։
Տեսանյութի գլխավոր տարածողին փնտրում էին մինչև վերջերս։ Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, սկանդալային տեսանյութը ֆեյսբուքում հունվարին տեղադրել է buba lomtatidze անունով օգտատերը, ով, պարզվել է Վրաստանի քաղաքացի Դ.Ի-ն է ու սպանություն կատարելու մեղադրանքով պատիժն է կրում Հայաստանի կալանավայրերից մեկում։ Դ.Ի.-ն Վրաստանից կնոջ հետ հեռացել է 2016թ.-ի նոյեմբերին։
«Վրաստանի ու Հայաստանի իրավապահների համագործակցության արդյունքում Վրաստանի քաղաքացու խցից առգրավվել է նրան պատկանող Samsung մոդելի հեռախոս։ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է համագործակցել հայ գործընկերների հետ՝ լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու համար»,-ասվել է ՆԳՆ հայտարարության մեջ։
Բեսելիայի խոսքերով, տեսանյութը եղել է 3 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործի նյութերում։ Այդ ժամանակ քաղաքական գործիչների՝ սեռական բնույթի տեսանյութերը հայտնվեցին համացանցում, որը դիտվել էր հազարավոր մարդկանց կողմից։ Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխայիլ Սաակաշվիլիի նախագահության ժամանակ, այսինքն մինչև 2012թ.-ին Վրաստանում իշխանափոխությունը։
Վրաստանի ՆԳՆ-ն ևս մեկ անգամ կոչ է արել հասարակությանը՝ չներգրավվել քրեական գործունեության մեջ ու դադարեցնել նման տեսանյութերի տարածումը։