Կոնցեսիոները խոստացել է՝ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա. վարչապետ
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանն անդրադարձավ մենաշնորհային ոլորտներին՝ մասնավորապես օդանավակայանին:
«Նախկինում շատ էր խոսվում մոնոպոլիաների մասին՝ սկսած շաքարավազից վերջացրած բանանից, նույնը «Զվարթնոց» օդնավակայանի դեպքում է: Գյումրիի օդանավակայանը փաստացի չի գործում, օրը մեկ թռիչք է լինում, կոպիտ ասած՝ օդաչուներին համոզելով են աշխատեցնում: Մինչդեռ հարևան երկրի երկու օդանավակայանները՝ Քութայիսի և Թբիլիսիի, մրցակցության մեջ են և երկուսի ուղևորափոխադրումներն արդեն հավասարվել են»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Դավոսում՝ Մարտին Էռնեկյանի («Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նախագահ) հանդիպման ժամանակ այդ հարցը ևս քննարկվել է:
«Կոնցեսիոները Գյումրիի օդանավակայանում ներդրումային ծրագիր է իրականացնում, բայց քանի որ շենքն ունի որոշակի պատմամշակութային արժեք, այնտեղ որոշակի հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի»,- ասաց վարչապետը:
Նա միաժամանակ հայտնեց՝ կոնցեսիոների կողմից ստացել է հավաստիացումներ, որ արդեն իսկ այդ խնդիրը կարգավորման փուլում է, կոնցեսիոները պարտավորվել է, որ առաջիկայում Գյումրու օդանավակայանը կաշխուժանա և նաև բյուջետային ավիաուղիները կսկսեն չվերթներ իրականացնել:
«Այդ իրավիճակը մենք ժառանգել ենք, բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ ցանկացած իրավիճակ նաև օպերատիվ պետք է կառավարենք: Եթե տեսնենք, որ չկան իրական տեղաշարժեր և էական բարելավում չենք ունենում, պետք է մտածենք, թե ինչն է սխալ այդ համակարգում, որ կոնկրետ արդյունքներ չի բերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գուրգեն Բաղդասարյանն էլ նշեց, թե ըստ իրեն՝ խնդիրը նրանում է, որ օդանավակայանի կառավարիչը մոտիվացված չէ, որ Գյումրու օդանավակայանում թռիչքներ իրականացվեն, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանից իր շահույթը ստանում է:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ «Զվարթնոց » օդանավակայանը մոտեցել է ուղևորափոխադրումների իր սահմանագծին, իհարկե այնտեղ նույնպես վերակառուցման և ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կա, այդտեղ էլ ճարտարապետական հուշարձանի հետ կապված խնդիր ունեն:
«Համենայնդեպս, պարոն Էռնեկյանը հավաստիացրել է, որ իրենք պատրաստվում են լուրջ ներդրումներ անել Գյումրիի օդանավակայանում, մենք կհետևենք այդ պրոցեսներին և կանենք որոշակի հետևություններ: Հույս ունեմ, որ հետևությունները կլինեն պոզիտիվ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարությունների միավորման հետևանքով հնարավոր է 150-200 մարդ կրճատվի
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան