Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի. Մոռացված որոշման առնչությունը Քոչարյանի գործին
2012 թվականի մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում` Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը մերժելու վերաբերյալ: Այդ որոշումը խորապես քննարկման չի ենթարկվել թե՛ հասարակության, թե՛ իրավաբանական համայնքի կողմից:
Սույն հոդվածը նպատակ չունի վերլուծելու Դատարանի այդ որոշումը: Սակայն, հարկ է նշել, որ գործում տեղ գտած մի շարք փաստական հանգամանքներ արձանագրվել են Դատարանի կողմից, որոնք էական առնչություն կարող են ունենալ Քոչարյանի գործով և հետագայում կարող են հաշվի առնվել Դատարանի կողմից:
Իհարկե, չնայած այն հանգամանքին, որ Դատարանը կաշկանդված չէ իր նախորդ վճիռներով, այնուամենայնիվ, Դատարանը հետևում և հղում է դրանց՝ ելնելով իրավական որոշակիության պահպանման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախադեպային իրավունքի զարգացման անհրաժեշտությունից:
Այսպիսով, Դատարանը քննելով մարտի 1-ի իրադարձությունները, արձանագրել է, որ Նախագահը 2008 թվականի փետրվարի 23-ին հանդիպումներ է ունեցել ուժային կառույցների հետ` հայտարարելով, որ ինքը թույլ չի տա որևէ մեկին ապակայունացնել իրավիճակը Հանրապետությունում, և տվել է համապատասխան հանձնարարականներ: Այսինքն` Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հայրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված):
Ավելին, հաշվի առնելով, որ այդ օրերին Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին, Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)։
Հատկանշական է, որ Դատարանը, մանրամասն անդրադառնալով ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին, չի արձանագրել, որ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև. այսինքն` 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գանգատը քննարկելիս Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց վերոնշյալ փաստերի վերաբերյալ:
Դատարանը նաև քննարկել է Նախագահի` արտակարգ դրություն հայտարարելու որոշումը` չարձանագրելով, որ այդ իրավական փաստաթուղթը և իրավիճակից թելադրվող միջոցառումները եղել են անօրինական կամ հակասել են Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին (օրինակ` Կոնվենցիայի 15-րդ հոդվածի մասով):
Վերջում պետք է նշել, որ Դատարանը, անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի Նախագահի ընտրություններին, հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների, որոնք իրենց հերթին արձանագրել էին, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները մեծապես անցկացվել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Եվրոպայի խորհրդի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան:
Սարգիս Գրիգորյան․ Ջի փարթներս իրավաբանական ընկերություն