Հայաստանում կալանավորված թուրք լոբբիստն ԱՄՆ-ում «ծիծաղելի դատավճռի» է արժանացել
ԱՄՆ-ում դատարանը հրապարակել է Հայաստանում կալանավորված ու ԱՄՆ-ին արտահանձնված հակահայ թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզի դատավճիռը, ում նկատմամբ ներկայացվել էր 5 մեղադրանք։
Դատարանը Օքսուզին մեղավոր է ճանաչել միայն 2 մեղադրանքով, նրան դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման, 20 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև 100 ժամ հասարակական աշխատանքի։ Օքսուզը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
Դատարանի այս որոշումը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը «ծիծաղելի» է անվանել։
«Այս ծիծաղելի թեթև դատավճիռը սխալ ազդակ է ուղարկում արտաքին ուժերի մտադրությանը՝ միջամտելու մեր ամերիկյան քաղաքական գործընթացներին»,-ասել է Համփարյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ ուրախ են, որ դեր կատարեցին՝ այս սկանդալի վրա լույս սփռելու համար։
Հիշեցնենք, որ Օքսուզը 2013 թվականին կազմակերպել էր ԱՄՆ կոնգրեսականների այցը Ադրբեջան և Թուրքիա, ինչը ֆինանսավորվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից ու թաքցվել։ Նշվում էր, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի արդարադատության նախարարն անդրադարձել է ՀՀ-ում կալանավորված Քեմալ Օքսուզի հարցին
- Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող ազգությամբ թուրքի