Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
Կառավարությունն այս տարի նախատեսում է գյուղատնտեսության ապահովագրության գործընթացի մեկնարկը՝ Արարատի և Արմավիրի մարզերում։ Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։
«Ապահովագրության հնարավորություն կընձեռվի մի քանի մշակաբույսերի համար, մասնավորապես ծիրանի և խաղողի համար, և մի քանի դեպքերի համար, կարկտահարություն, ցրտահարություն և հրդեհներ։ Առաջին փուլի գործարկման արդյունքներով դրա հետագա ճակատագիրը կորոշենք»,- ասաց Փաշինյանը։
Պատգամավորը հետաքրքրվեց նաև օդային տրանսպորտի գների նվազման ուղղությամբ կառավարության անելիքներից, ինչին ի պատասխան վարչապետն ասաց. «Ավիատոմսերի գների հետ կապված Դավոսում մենք հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ և ուղիղ խոսակցություն ունեցանք։ Նա ինձ ասաց, որ այստեղ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գների և մատակարարաման համակարգի մեջ, և մենք շատ լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող ենք անել, որովհետև հնարավոր է, որ մենաշնորհային մեխանիզմների պատճառով է այդպես»։
«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը հարցրեց փաստաբանական համայնքի զարգացումից։
«Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբանը, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե չի տվել։ Մենք ունենք խնդիր՝ չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու»։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը