Նախարարությունների միավորման հետևանքով հնարավոր է 150-200 մարդ կրճատվի
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմելով ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ծրագրում ոչ թե գերակայում են կառավարության պարտականությունները, այլ օրինակ՝ 36 դեպքում օգտագործված է խթանելու է արտահայտությունը, 15 դեպքում օգտագործված է, որ կառավարությունը անհրաժեշտ է համարում, ներողություն, բայց շատերս գիտենք, և ժողովուրդն էլ գիտի, թե կառավարութունը ինչը պետք է անհրաժեշտ համարի, ինչին պետք է նպատակաուղղի, բայց արդյոք դուք մտավախություն չունե՞ք, որ այս ծրագիրը, այս վիճակով ընդունվելու դեպքում նույնացում չի արվի նախորդ կառավարության ծրագրերի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները»։
Պատգամավորի խոսքով՝ ծրագրում կոնկրետ շեշտադրումներ չկան մանկավարժների, գիտականների, բժիշկների և զինծառայողների կենսամակարդակի խնդիրների արագ, տեսանելի լուծումների վրա։
«Մեր ողջ տնտեսական քաղաքականության նպատակը աշխատավարձերի բարձրացումն է ու աշխատատեղերի ստեղծումը։ Կոնկրետ զինվորականների մասով մեր նախորդ ծրագրում էլ ոչինչ չկար, բայց այս տասը ամիսների ընթացքում մենք շատ լուրջ փոփոխություններ ենք բերել, մասնավորապես զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը, որը տասնյակ տարիներ մեռյալ կետի վրա մնացել էր։ Մենք շատ լուրջ քայլ ենք արել, այդ խնդիրը էականորեն լուծելու համար, կառավարության միջոցներից հինգ միլիարդ տրամադրել ենք, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- պատասխանեց Փաշինյանը։
Այնուամենայնիվ, Գևորգ Պետրոսյանը մնաց իր այն կարծիքին, որ ցանկացած ծրագիր պետք է լինի որոշակի։
«Բարգավաճ Հայաստանից» Իվետա Տոնոյանն էլ հարցրեց. «Չեք կարծու՞մ, որ ծրագրում գործազրկության դեմ պայքարի մասին առաջ քաշած Ձեր թեզը հակասում է գործնականում նախարարությունների միավորման քայլերին»։
Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի, որ առաջին փուլում կլինի ուղղակի մեխանիկական միավորում, և այդ ընթացքում կստեղծենք հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկայի առաջարկին համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան։ Մենք պետք է հասկանանք՝ գործազրկությունն ու աշխատանքի առաջարկը ինչ հարաբերություններ ունեն իրար հետ»։
Ինչ վերաբերում է կրճատումներին՝ վարչապետն ասաց, որ օրինակ միավորված նախարարությունները չեն կարող ունենալ երկու իրավաբանակն վարչություն, կամ հաշվապահը, ենթադրվում է պետք է լինի մեկը. «Իսկ նշված վարչություններում աշխատողները ունեն բարձր մասնագիտական որակավորումներ, որոնք այսօր Հայաստանի շուկայում գործազրկության խնդիր չեն ունենա, արագ կգտնեն իրենց աշխատանքը։ Իսկ մյուսներն այս փուլում աշխատանքից չեն ազատվի և վերապատրաստման արդյունքում կփորձենք գտնել նրանց համապատասխան աշխատանք»։
Վարչապետի խոսքով՝ այսօր նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ասում են, որ սկսում են փաստաբանական գործունեություն ծավալել, ենթադրվում է, որ դրա համար կա շատ լուրջ պահանջարկ. «Թող այդ պահանջարկը նաև նախարարությունների բարձրաստիճան իրավաբանները լրացնեն»։
Պատգամավորի ճշտող հարցին, թե քանի մարդ կկրճատվի, Փաշինյանը պատասխանեց. «Նախնական գնահատակով առաջին փուլով կկրճատվի 150-200 մարդ, հնարավոր է նույնիսկ ավելի քիչ, նրանք կլինեն որակավորում ունեցող մասնագետներ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Խաչատրյան. Միակուսակցական կառավարության դեպքում նման ծրագիրն անընդունելի է
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը