Հայաստանում գաղտանզերծման հետ կապված խնդիր ունենք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը 16 տարեկան է։ «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով այսօր կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բացման խոսքում նշեց, որ թե նախարարությունը, թե բոլոր պետական մարմինները միջոցներ են ձեռնարկում, որ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը երաշխավորվի։
Քրմոյանի խոսքով՝ տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանն առաջանցիկ փորձ ունի. «Համեմատելով մեր երկիրն այլ երկրների հետ՝ մենք բավականին առաջ ենք»։
Այունհետև լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ տեղեկատվություն ստանալու իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության միջև եղած հակասություններին։
«Այսօրվա համաժողովը կարևոր է նրանով, որ փորձենք այդ գիծը հստակեցնել, թե որտեղ է ավարտվում տեղեկատվության ազատությունը և սկսվում անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս երկուսի՝ միմյանց հետ հակասության մեջ մտնելու հետ կապված պետք է հստակեցնել, թե որ դեպքում է այդ տեղեկությունը կարևոր հանրության համար։
Որպես օրինակ, եթե խոսում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, այս առումով հանրությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու։ Իսկ օրինակ, եթե խոսում ենք նախարարության գլխավոր մասնագետի մասին, պետք է օրենսդիրը գնահատի՝ արդյոք այդքան կարևորություն ունի՞ տվյալ անձի աշխատավարձի հրապարակումը, որ մենք խախտենք անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս առումով պետք է հավասարակշռել մարդու իրավունքը և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- նշեց փոխնախարարը։
Ինչ վերաբերոմ է Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների թեմային, Քրմոյանն ասաց, որ նախարարությունը տվյալ դեպքի հետ կապված տվել է խորհրդատվական զեկույց, որի արդյունքում իրենք արձանագրել են այն օրենսդրական կարգավորումները, որով որ պետք է առաջնորդվեր քաղաքապետարանը. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնից դիմում ունենք, վարույթ ենք իրականացնում և միայն դրա շրջանակներում կարող ենք ասել, թե արդյոք այստեղ առկա՞ է անձնական տվյալների խախտում, թե՞ ոչ։ Մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք վարույթը կավարտենք և կտրամադրենք տեղեկություն»։
Աշխատաժողովին ներկա ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շատ ուրախ է, որ պարգևավճարների հարցը այդքան հանրային հնչեղություն ստացավ. «Քանի որ մենք առիթ ունեցանք վեր հանելու ու բարձրաձայնելու անձնական տվյալների ու հանրությանը մատչելի ծախսերին վերաբերող խնդիրների մասին»։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ոլորտում աշխատանքը էլ ավելի հետևողականությամբ պետք է շարունակվի, քանի որ տեղեկատվության ազատությունը հանրային շատ կարևոր ռեսուրս է, որը պետք է մատչելի լինի բոլորին։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ պետությունը կարող է գնալով ավելի թափանցիկ աշխատել։
«Մենք գաղտանզերծման հետ կապված խնդիր ունենք։ Հայաստանում շատ բաներ գաղտնիության գրիֆ են ստանում, բայց հետագայում երբևէ չեն գաղտնազերծվում, չնայած օրենքը ենթադրում է, որ տասը տարի անց պետք է լինի գաղտանզերծում, բայց ոչ մի վերահսկողություն չկա։ Այսինքն հայտնի չէ, արդյոք կառավարությունը այս տասնամյակների ընթացքում պատշաճ ձևո՞վ է գաղտնիության գրիֆը դրել փաստաթղթերի վրա, հնարավոր է կային փաստաթղթեր, որոնք պետք է բաց լինեին, որոնք կարևոր են հասարակության համար, բայց իրենք թաքցվել են և տասնամյակներով չեն բացահայտվում»,- նկատեց փորձագետը։
Մարտիրոսյանը նաև նշեց, որ հանրությունը շատ դեպքերում տեղյակ չէ իր իրավունքներից, շատերը չգիտեն, որ իրենք կարող են յուրաքանչյուր հարցով դիմել կառավարությանը և ակնկալել ընդամենը հինգ օրվա մեջ պատասխան, ավելին՝ որ կա էլեկտրոնային հարթակ, որով կարելի է այդ հարցումը շատ արագ ուղարկել և հետևել ընթացքին։
Հարցին, թե իրեն բավարարում է ներկայիս օրենքը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինձ թվում է, ոչ մի քաղաքացու երբեք չպետք է բավարարի կառավարության աշխատանքը ոչ մի ոլորտում, հենց որ բավարարեց, իրենք կլճանան։ Պետք է բոլորս չբավարարված լինենք այս հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է փակել քաղաքացիների՝ հրապարակված անձնական տվյալները
- Աշխատողի պարգևատրման չափն անձնավորված հրապարակելը՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից