Մարդիկ սկսել են ավելի երկար ապրել
Երկրում կյանքի միջին տևողությունը 1950 թվականից սկսած 20 տարով աճել է՝ չնայած պատերազմների և տնտեսական ցնցումներին։ news.ru-ի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել գիտնականները, ովքեր Lancet ամսագրի համար հատուկ թողարկում են պատրաստել։
1950 թվականից տղամարդկանց կյանքի տևողությունը 48 տարեկանից աճել է 70,5 տարեկանի, կանանցը՝ 50-ից 76-ի։
Մանկական մահացության խնդիրը լուծելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել. եթե 1950 թվականին մահանում էր յուրաքանչյուր 5-րդ երեխան (այսինքն 20 տոկոսը), հիմա այդ ցուցանիշը կազմում է 3,9 տոկոս։ 1950 թվականի համեմատությամբ, աճել են մահվան դեպքերը կապված ռազմական հակամարտությունների և ահաբեկչությունների հետ։ Այդ ցուցանիշը վերջին 10 տարում գրեթե կրկնապատկվել է։
Ուսումնասիրությունն իրականացվել է Global Burden of Disease ծրագրի շրջանակներում, մասնակցել են 195 երկրներից մասնագետներ։