Փաստաբանը վարչապետին առաջարկում է իրենց համայնքի հետ շփվել առանց միջնորդների
Փաստաբան Վահան Հովհաննիսյանին զարմացրել է այսօր Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը փաստաբանական գործունեության ոլորտում առկա ստվերի, հարկեր չվճարելու ցանկության մասին։ Նա կարծում է, որ գործադիրի ղեկավարի այդ հայտարարությունը նրան հասած ոչ ճիշտ տեղեկատվության հետևանք է։
«Ուզում եմ հավատալ, որ վարչապետի ասածը խեղաթյուրում չէր։ Անթույլատրելի է փաստաբաններին համեմատել երգիչների կամ մտավորականների հետ, ովքեր ընդհանրապես հարկ չեն մուծում։ Փաստաբանները վճարել են ու հիմա էլ վճարում են հարկեր, առանց դրա փաստաբանական գործունեություն իրականացնել չենք կարող», -Panorama.am-ի հետ զրույցում, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը հիշեցնում է ընդդիմադիր Փաշինյանի՝ իշխանություններին ուղղված քննադատությունները, ըստ որոնց՝ նրանք ժողովրդից կտրված էին, ժողովրդի կարիքները ճիշտ չէին գնահատում, այս կամ այն խնդիրը լավ չէին պատկերացնում։
«Հա, ճիշտ էր անում, որ քննադատում էր, տեղին էր։ Բայց այսօր նա կրկնում է նույն սխալները։ Այսօր ինքը փաստաբանական պալատի հետ շփվում է միջնորդավորված։ Փոխարեն մեզ հետ անմիջականորեն շփվելու, մեր խնդիրների մասին տեղեկանալու, լուծումների մասին առաջարկներ լսելու, ինքը լսում է մանր ու միջին չինովնիկների, որոնք ներկայացնում են փաստաբանական պալատի խնդիրները»,-նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով, փաստաբանների կողմից հարկերի վճարման օրենսդրության մասին վարչապետը կարող է տեղեկացված չլինել, պետք է նրան ճիշտ զեկուցեն հարցի ու խնդրի մասին։
«Բայց ես կարծում եմ, որ կամ դիտավորյալ, կամ հարցին ոչ իրավասու լինելու համատեքստում նրան ճիշտ չեն զեկուցել։ Ուզում եմ հավատալ, որ դա դիտավորյալ չի արվում։ Ուզում եմ կոչ անել, որ վարչապետն անմիջականորեն շփվի փաստաբանների պալատի հետ, ընդունի նախաձեռնող խմբի անդամներին, որպեսզի նախորդի սխալները չկրկնեն։ Մենք ուզում ենք, որ խնդիրն անմիջականորեն փաստաբաններից լսի։ Մենք պատրաստ ենք հանդիպման»,-առաջարկեց փաստաբանը։
Վ. Հովհաննիսյանն ընդգծեց, եթե հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ապա դրանից կտուժեն ոչ թե փաստաբանները, այլ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիները։
«Բարձրանալու է հարկային բեռը, իսկ դա ընկնելու է քաղաքացիների ուսերին։ Հարկի ավելացման դեպքում պայմանագրով վճարվող ծառայության գինը համաչափորեն բարձրանալու է։ Ես ուզում եմ հավատալ, որ գուցե մեր վարչապետը բարեխիղճ մոլորության մեջ է, և չի հասկանում, որ սա ոչ միայն փաստաբանների դեմ, այլ ողջ ժողովրդի դեմ ուղղված բացասական քայլ է, որը խորացնելու է ժողովրդի ու իշխանության միջև ավելացող ճգնաժամը»,-մանրամասնեց նա։
Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց.
«Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի։ Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ Մենք ունենք խնդիր։ Չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու համար։
Քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են, և սիրուն են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են։ Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ եկամուտները հաշվառելու։
Ոչ միայն փաստաբաններին, այլև մյուսներին հրավիրում ենք երկխոսության ու խոսակցության։
Մենք այստեղ որևէ մեկի հակառակորդը չենք, որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք, խնդիր ունենք ընդհանուր ջանքերով խնդիրը լուծելու»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
- Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. ՄԻՊ
- Փաստաբանը Փաշինյանին հորդորում է աշխատանքից ազատել ֆինանսների փոխնախարարին
- Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում. հաշվապահների դժգոհությունները