Խորհրդարանն արհամարհվել է, սա պատմության մեջ առաջին դեպքն է. Մարուքյան
«Այն քննադատությունները, որոնք մինչ օրս կային, որ ծրագիրը կոնկրետ չէ ու չի պատասխանում ինչպես հարցին, այդ հարցերի պատասխանները այդպես էլ չստացանք։ Փոխարենը ստացանք պատասխան, որ այդ հարցի պատասխանը պիտի մարդիկ տան», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ յոթ տարվա մեջ ինչ ինքը խորհրդարանում է, սա առաջին դեպքն է, որ կառավարությունը ծրագիր է բերում առանց խորհրդարանական ուժերի հետ նախնական քննարկումների։
«Սա արհամարհական վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։ Ես հիշեցի, որ ուղիղ մեկ տարի առաջ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ծրագիր էր բերելու, մեզ էր զանգել Վաչե Գաբրիելյանը և ասել, որ «Ելք»-ի ԲՀԿ-ի հետ միասին հանդիպեն, ներկայացնեն ծրագիրը, մինչև ԱԺ-ում քննարկելը։ Մենք մերժեցինք, ասացինք, որ նախ պետք է վարչապետը բերի ներկայացնի խմբակցությանը, և երկրորդը՝ անընդունելի է այլ խմբակցության հետ ծրագիր քննարկելը։ Հովիկ Աբրահամյանի օրոք էլ քննարկում եղել է։ Իսկ հիմա այս փաստաթուղթը անհնար է փոխել։ Հիմա խորհրդարանն արհամարհվել է ու ուղղակի ստացել է ծրագիր՝ քննարկելու համար, սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ նման արհամարհական վերաբերմունք կա», - ասաց նա։
Մարուքյանը հավելեց, որ դեռևս հստակ չի կարող ասել՝ ինչպե՞ս են քվեարկելու և դեռևս այդ հարցը խմբակցությունում քննարկվում է։
Հարակից հրապարակումներ`
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
- Սամ մուժ, սամ ժենա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան