ՀՅԴ ԳՄ. Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցմամբ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածած հայտարարության մեջ նշում է՝ կառավարության ծրագրում բացթողումներ կան մի շարք ոլորտներում, այն չի անդրադառնում կարևոր մի շարք հարցերի։ Դաշնակցության գերագույն մարմինը կարծում է, որ ծրագիրը հնարավորություն չի տալիս զարգանալ չզիջելով։
Նկատենք, որ հենց այս պահին երկրի օրենսդիր մարմնում ներկայացվում է գործադիրի ծրագիրը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:
Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:
Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:
Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:
Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:
Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք»։
Հարակից հրապարակումներ`
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Ստեփան Դանիելյան. Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է
- Փաստաբանը կառավարության ծրագրում անցումային արդարադատության մասին ոչինչ չի գտել
- Բաբկեն Պիպոյան. Առանց լոբբինգի, պետք չէ քարսիթը պարտադրել իրավունքի ուժով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան