Մանկապարտեզների տարածքներից կհեռացվեն այլ կազմակերպությունները
Տարվում են աշխատանքներ, որպեսզի համայնքային ենթակայության մանկապարտեզներում գործող կազմակերպությունները հնարավորինս արագ ազատեն այդ տարածքները։ Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է մանկապարտեզների տարածքները վարձակալություններից ազատելու գործընթացը։
Տ. Վիրաբյանի խոսքով, այս խնդիրն առաջ եկավ այն ժամանակ, երբ քաղաքապետի կողմից եղավ հստակ հանձնարարական՝ գտնել ճանապարհներ 8000 հերթագրված երեխաներին մանկապարտեզերում տեղավորելու, նոր խմբեր բացելու համար։
«Մենք գիտակցում ենք՝ մեզ համար առաջնահերթությունը է, որ մեր համայնքային ենթակայության մանկապարտեզներն իրենց նպատակային ուղղվածությունը պահեն, աշխատանքները տարվեն զուտ այն շրջանակում, ինչը ենթադրում է մանկապարտեզի շենքը։ Բազում կազմակերպություններ են գործում մեր մանկապարտեզներում»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա ասաց, որ կա կազմակերպությունների հստակ ցանկ, որոնք իրավական տարբեր հիմքերով են գործում։
«Այն կազմակերպությունները, որոնք չունեն իրավական հիմքեր և գործում են, իրենց հետ տարվող աշխատանքները շատ ավելի հեշտ են։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք գործում են իրավական հիմքերով, փորձում ենք գտնել իրավական ճանապարհ, որպեսզի կարողանանք հետ վերադարձնել տարածքները մանկապարտեզներին»,- նշեց Տ. Վիրաբյանը։
Նրա խոսքով, այն կազմակերպությունների դեպքում, որոնց գործունեությունը կարևոր է համայնքի համար, փորձում են գտնել այլ մեխանիզմներ, որպեսզի հնարավորություն ունենան շարունակելու իրենց գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբկեն Պիպոյանը խայտառակ վատ է գնահատում փոխքաղաքապետի այցը մանկապարտեզներ
- Մանկապարտեզների ավագ խմբերի երեխաների աշխատող ծնողները բողոքում են. Բախշյան
- ՄԻՊ-ը հանդես կգա դպրոցների և մանկապարտեզների մշտադիտարկման այցերի մասին արտահերթ զեկույցով
- Մշակվում են մանկապարտեզների աղետների ռիսկի կառավարման պլանները