«Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հեղափոխական կառավարությունը հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է վթարային շենքերի հետ կապված։
«Ինչպես ժողովուրդն է ասում, ես այս հարցը բարձրացրել եմ Լենինի ժամանակ, Ստալինի ժամանակ...»,-խոսում էր Գրիգորյանը, երբ նրան կատակ-հաճոյախոսությամբ ընդհատեց Փաշինյանը. «Շատ լավ տեսք ունեք»։
Սյունեցի պատգամավորը շնորհակալություն հայտնեց ու ներկայացրեց Սիսիանի օրինակը՝ մեկ շենք չորրորդ կարգի վթարային է, Սյունիքը սեյսմիկ գոտի է, մարդիկ ապրում են՝ վախը սրտներում։
Փաշինյանը նախ ներկայացրեց, թե ինչպես կպատասխաներ դասական պաշտոնյան. «Այո, մենք կգույքագրենք, միջազգային դոնորների ներգրավմամբ կկարգավորենք խնդիրը»։
Ապա հարցին հարցով պատասխանեց. «Վթարային շենքերի խնդիրը ինչի՞ չի լուծվում։ Շատ պարզ պատճառով, որովհետև մեր պետական եկամուտները այնպիսին չեն, որ մենք մեր մինիմալ ծախսերը հոգանք, չնայած դա էլ է մինիմալ ծախս»։
Այստեղ էլ Փաշինյանին Գրիգորյանն ընդհատեց.«Պահանջե՞մ ՀԴՄ կտրոն, վատամա՞րդ դառնամ վաճառողին, որ հետո ՊԵԿ-ն իր քարտուղարուհուն պարգևատրում իրականացնի՞։ Այսինքն, մենք այդտեղ ինչ-որ առումով փակուղի ենք մտնում, այսինքն, բնակիչը պետք է հասկանա, որ պահանջի ՀԴՄ, խանութը հասկանա, որ հարկ է վճարում և այդ հարկն ուր է գնում՝ ճանապարհաշինությա՞նը, թե՞ վթարային շենքերի կառուցմանը»։
Փաշինյանը կրկնեց, որ պարգևատրման ֆոնդը կիսով չափ կրճատվել է. «Ի՞նչ անենք, ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերն այնքան իջեցնենք, որ աշխատողն օրը հինգ անգամ մտնի խանութ, տուգանի, հետո էլ ամեն ամիս նալոգ դնի իր վրա, որ թողնի, աշխատի՞։ Էդ բաները շատ պարզ ա, իհարկե, դրանք շատ մտահոգիչ են, բայց եթե այդ տրամաբանությամբ գնանք, ՀԴՄ չխփելու համար պատճառ միշտ էլ կգտնվի։ Իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին, եթե ուրիշ ոչ մի պատճառ չլինի»։
Ի դեպ, Փաշինյանը նաև հայտարարեց, որ հանձնարարելու է «վճարված պարգևավճարներն առաջիկա ամիսներին քիչ կվճարեն, տեղը կգա, դուրս կգա։ Լուծեցի՞նք էս հարցը։ Խնդրում եմ՝ խանութի աշխատողին ասեք, թող ազատ ՀԴՄ-ն խփի»։
Գրիգորյանի ու Փաշինյանի հարց ու պատասխանն այսպիսով ավարտվեց, այդպես էլ պարզ չդարձավ՝ վթարային շենքերի կառուցման առումով ի՞նչ հեղափոխական քայլեր է պատրաստվում անել հեղափոխական կառավարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- ՀՅԴ ԳՄ. Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցմամբ
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը
- Կառավարությունում պարգևավճարները բյուջե վերադարձնելու պահանջն անլուրջ են որակում