Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց՝ կիրառվեց համաներում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվող «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին հայտարարեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով:
Մեսրոպ Մակյանն ասաց, որ այս հոդվածներով համաներում կիրառելու համար չի պահանջվում տուժողների դիրքորոշումը, այդ պատճառով էլ դատարանը որոշեց նրանց նկատամաբ այս մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել։
Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ (ՔՕ 35-225 Մաս 1, 235 Մաս 3, 219 Մաս 3 Կետ 1, 218 Մաս 3 Կետ 1, 238 Մաս 4 Կետ 1,2, 185 Մաս 3 Կետ 1)։
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջարդվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, ինչպես նաև 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք , բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 31.08.2016թ. ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին (35-225 Մաս 1, 235 Մաս 3, 218 Մաս 3 Կետ 1, 238 Մաս 4 Կետ 1,2, 185 Մաս 3 Կետ 1):
Հարակից հրապարակումներ`
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Նախկին փոխոստիկանապետ Եղիազարյան. Զղջանքի ոչ մի խոսք չի եղել
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- Վալերի Օսիպյանն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի