Քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Կարեն Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը:
Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարևոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից:
Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարևորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը: Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արևելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին և մի շարք այլ հարցերի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան