Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
«Այս երկու օրվա ելույթներից ես մի բան հասկացա՝ այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին և չեն ծավալվելու»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի քննարկմանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջարկներին, որոնք, ըստ նրանց, կարող էր ներառվել Կառավարության ծրագրում, փոխվարչապետն ասաց, որ դրանց մասին տեղյակ չէ, կարող են քննարկել և ըստ այդմ՝ որոշում կկայացվի:
Միաժամանակ Տիգրան Ավինյանը նշեց. «Անկեղծ ասած, Կառավարության ծրագրի բովանդակության հետ կապված ընդդիմության կողմից կառուցողական առաջարկներ այս ֆորմատում չեմ լսել: Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչի թիվ չկա կամ կա, այսինքն՝ անընդհատ այս բանավեճի մեջ ենք: Այն, ինչ գրված էր տնտեսության մոդելի, ներառականության, մրցակցության բարձրացման, արտահանման ճյուղերի առումով, նման բովանդակային քննարկում տեղի չունեցավ, որի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունից ասում են՝ խորհրդարանին արհամարհել են, իրենց հետ նախապես ծրագիրը չեն քննարկել, ինչպես նախկինում արվել է ՀՀԿ-ականների ժամանակ, Տիգրան Ավինյանը նշեց՝ չգիտի, թե ՀՀԿ-ականների ժամանակ ինչպիսի ավանդույթներ են եղել, բայց սա Կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է 20-օրյա ժամկետում:
«Ծրագրի ամբողջական պատասխանատվությունը կրում է Կառավարությունը, այլ ոչ թե Ազգային ժողովը: Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկներ, բայց սա Կառավարության և Ազգային ժողովի ծրագիրը չէ»,- ընդգծեց նա: