Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետին հարցրեց՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչո՞ւ չափելի ցուցանիշներ չկան ներկայացված փաստաթղթում, և եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով պատգամավորի հարցին նշեց. «Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ մենք ասում ենք 2023 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ չափելի չէ: Շատ կոնկրետ ցուցանիշ է, ավելի կոնկրետ չի լինում՝ պետք է ծայրահեղ աղքատություն չլինի: Մենք այս խնդիրը հստակ ձևակերպում ենք: Ենթադրենք, հիմա գրեինք՝ աղքատությունը պետք է կրճատվի 7 տոկոսով և մեր գործունեության արդյունքում կրճատվեր 5.9 տոկոսով, ձեր խմբակցությունն ի՞նչ էր անելու՝ ասելու էր կառավարությունը գրել է 7 տոկոս, բայց 5 տոկոսով է կրճատել, շատ վատ է, անմիջապես թող հրաժարական տա»:
Վարչապետն անկեղծացավ, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից որոշ հարցեր և ելույթներ լսելիս առյուծի անեկդոտն է հիշում:
«Ասում է, որ անապատում առյուծը հետևիցդ ընկած լինի, ի՞նչ կանես, ասում է` ծառը կբարձրանամ, հետո ասում է` ծառ չկա, ասում է`սարը կբարձրանամ, ասում է` չէ, սար չկա, ասում է` չհասկացա՝ դու իմ կողմից ե՞ս, թե՞ առյուծի: Հիմա ձեր ուզածն ի՞նչ է, որ էդ փոփոխությունը լինի՞, թե՞ չլինի: Ձեր հարցերի կոնտեքստում զգում եմ, որ դուք վախենում եք ոչ թե նրանից, որ այդ ծրագիրը չի իրականանա, այլ որ՝ կիրականանա: Եթե դրանից եք վախենում, ուրեմն ճիշտ եք անում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան՝ Արկադի Խաչատրյանն ասաց, թե շատ են ուզում՝ ծրագիրն իրականացվի, ավելին՝ աջակցելու են իրականացմանը. «Ես կառուցողական համագործակցության կողմնակիցն եմ»:
Ինչ վերաբերում է չափելիությանը, պատգամավորը նշեց, որ քաղաքական փաստաթուղթն առաջացնում է ակնկալիքներ հանրության շրջանում, և չափելիությունը նրա համար է, որ մարդիկ կարողանան տեսնել, թե տարիների ընթացքում իրենց կենսամակարդակը որքանով է բարելավվել:
Պատգամավորը նաև հայտնեց, որ իրենք պատրաստել էին 50 առաջարկություն, սակայն որևէ ֆորմատով հնարավորություն չի տրվել առաջարկությունները ներկայացնել կառավարություն,մինչդեռ այդ առաջարկությունները կարող էին «ավելի լավը դարձնել ծրագիրը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծրագրի ընդունումից հետո կընդունվի դրանից բխող միջոցառումների ցանկը: Նրա խոսքով՝ այդ փուլում կարող են առաջարկությունները հաճույքով ներառել:
«Դա կառավարության ծրագիրն է, եթե դա լիներ կառավարության ԱԺ ծրագիր, ես ձեզ կհասկանայի, բայց ԱԺ-ն պետք է դրան վերաբերվի որպես կառավարության ծրագրի: Այդտեղ չի կարող լինել որևէ մեկնաբանություն, որ մենք որևէ դիտողության կամ քննադատության քամահրանքով ենք վերաբերում: Քավ լիցի, էդպիսի բան չկա և չի կարող լինել»,- հավելեց Փաշինյանը և պատրաստակամության համար շնորհակալություն հայտնեց պատգամավորին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք նման պլաններ չունենք՝ Փաշինյանն արձագանքում է Տոնոյանի հայտարարությանը
- Փաշինյանը վերահաստատում է՝ սպառողների համար այս տարի գազի սակագինը չի բարձրանա
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
- Այս փուլում որոշեցինք փաստաբանների, հաշվապահների վիճահարույց հատվածը հանել. Փաշինյան
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
- Խորհրդարանն արհամարհվել է, սա պատմության մեջ առաջին դեպքն է. Մարուքյան
- Այսօր խաղաղության մթնոլորտ տարածաշրջանում հաստատված չէ. վարչապետ
- Կոնցեսիոները խոստացել է՝ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա. վարչապետ
- Փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա. Փաշինյան
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- «Դասական» Փաշինյանը պատասխան ուներ, իսկ «հեղափոխական» Փաշինյանը՝ ոչ
- Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի. Գագիկ Ծառուկյան
- Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը