Անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ԵԱՀԿ հետ Հայաստանի համագործակցության առաջնայնություններից մեկը. Ապիտոնյան
Փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Միջոցառմանը մասնակցություն են ունեցել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակների ներկայացուցիչները։
Աշխատաժողովի բացման նիստին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը և ԵԱՀԿ սլովակյան նախագահությանը ներկայացնող ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն աշխատաժողովի բացման խոսքում կարևորել է աշխատաժողովի անցկացումը՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումներին ծանոթանալու և ՀՀ ու ԵԱՀԿ միջև անվտանգության ոլորտի բարեփոխումների ոլորտում ծրագրային համագործակցության հեռանկարները վերաիմաստավորելու առումով։ Նա նշել է, որ անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ԵԱՀԿ հետ Հայաստանի համագործակցության առաջնայնություններից մեկը։ Արհեստավարժ, արդյունավետ և հաշվետու անվտանգության ինստիտուտները նպաստում են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և լավ կառավարմանը։
Արտակ Ապիտոնյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ համագործակցությունը ԵԱՀԿ օրակարգում տարբեր ձևաչափերում անվտանգության ոլորտի բարեփոխումների թեման առաջ մղելու գործում։ Նա հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել շահագրգիռ մասնակից պետությունների հետ կիսել անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության իր ազգային փորձառությունը։
Աշխատաժողովի մասնակիցները մտքերի փոխանակումեն կատարել անվտանգության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի կարիքների ու առաջնայնությունների վերաբերյալ։