Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է. Բաբաջանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ երեկ իշխանական պատգամավորներից մեկի ելույթին։
«Նա ընդդիմության պատգամավորներին մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա արդեն գործելու ժամանակն է։ Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է, Ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրը անի, մենք էլ պետք է մեր խորհրդարանով վերահսկենք նրանց աշխատանքը։ Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից և ոչ մեկ չի պաշտպանում նրան, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել, երեկ էլ արդեն Պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս, մինչև երբ»,- ասաց Բաբաջանյանը։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ նա նշեց. «Անցած տասը ամիսներն ավելի քան բավարար էին այնպիսի ծրագրի մշակման համար, որը կդառնար առաջիկա ոչ միայն հինգ, այլև 10-15 տարիների զարգացման ուղենիշը, այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է, կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք»։
Նրա խոսքով՝ ծրագրում նկարագրված արտաքին քաղաքական հարաբերությունները հանգեցնում են մտավախության, որ արտաքին քաղաքական հարաբերությունները շարունակելու են վարել՝ հաշվի առնելով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկզբունքից և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից. «ՌԴ-ն դե ֆակտո հանդես է գալիս արտաքին հարաբերությունների խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, մինչդեռ ՌԴ հետ հարաբերությունների խորացումը պետք է հիմնված լինի ՀՀ արժանապատվության և ինքնիշխանության հարգանքի վրա»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ կառավարության ծրագրի եռօրյա քննարկումները աննախադեպ համարեց ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի առումով։
«Շատ դեպքերում նույնիսկ դժվար էր տարբերել, թե որն է իշխանական կամ ընդդիմադիր թևի պատգամավորը: Քննարկումը ընթանում է այնպես, որ բոլորս ազատ ենք արտահայտելու մեր միտքը, տեսակետը: Գրեթե չկային կրկնվող ելույթներ, ինչը նույնպես շատ էական է: Մենք անընդհատ նշում ենք, թե մեր ելույթներից, առաջարկություններից կառավարությունը ոչինչ չի փոխելու իր ծրագրի մեջ, միգուցե դա այդպես է, բայց դրանք չեն կարող դեր չունենալ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, անպայման կառավարությունը հաշվի կառնի բոլոր առարկայական դիտարկումները, որպեսզի ծրագիրը դառնա ավելի իրագործելի»,- ասաց պատգամավորը։
Աղազարյանը մի փոքր դիտողություն արեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին. «Եթե իրենց ելույթների միջից մի փոքր չարախնդությունը փոխարինվեր, այսպես կոչված, սպորտային չարությամբ, այդ դեպքում մենք կունենայինք իմ երազած խորհրդարանը: Մյուս կողմից էլ, իմ խորին համոզմամբ, կառավարությունը պետք է օգտագործի մեր ընդդիմության պոտենցիալը, որովհետև մեր ընդդիմությունը զարգացած անհատներից է բաղկացած»։
Հարակից հրապարակումներ`
- «Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն». ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանությանը
- Ժպիտ չկա ԱԺ դահլիճում. Վարազդատ Կարապետյան
- Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
- Վարդան Ղուկասյանը՝ «մեծ գլխի ու փոքր մարմնի» մասին
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
- Վահե Էնֆիաջյանը վարչապետին խնդրեց չնյարդայնանալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան