Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը
«Զարդեր պատրաստելը եղել է հոբբի, ինձ գտել եմ այդ ոլորտում և սկսել աշխատել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Վարդապետյանը, ով եղել է 10 տարի Երևանի պետական համալսարանի դասախոս, բայց դարձել է ՀՀ ժողովրդական վարպետ:
2008 թվականին սկսել է ուսումնասիրել զարդագործությունը, պատրաստել ու վաճառել իր աշխատանքները «ՎԱՌ» անվան տակ։ Նա աշխատում է տարբեր նյութերի հետ, սիրում է աշխատել հավաքածուներ ստեղծելու սկզբունքով։
«Շեշտն առաջին հերթին դնում եմ հայկական զարդանախշերի վրա։ Դիմեցի հենց հայկական մոտիվներին, որպեսզի ևս մեկ անգամ հնարավորություն լինի խոսել մեր արվեստի մասին: Ամեն մի դուրս գնացած զարդ ներկայացնում է մեր արվեստը։ Փորձում եմ տեսնել նորն ու ջրի երես հանել հայկական մանրանկարչությունից, ճարտարապետությունից նախշեր։ Մեծ կարևորություն եմ տալիս «ԿԻԼԻԿԻԱ» հավաքածուին։ Ինձ գրավել է Կիլիկիայի մանրանկարչությունն իր գույներով, բացի այդ քիչ են անդրադարձել դրան։ Կիլիկիան շրջանը հայկական արվեստի զարգացման ամենագեղեցիկ ու հարուստ շրջաններից է։ Ուզում եմ զարդերի միջոցով Կիլիկյան Հայաստանի արվեստին ծանոթանան նաև դրսում»,- ասաց զարդագործը։
Նրա ներկայացմամբ, բոլոր մոտիվներին հնարավոր չէ անդրադառնալ, քանի որ հնարավոր չէ բոլորը զարդ դարձնել։ Երկար ուսումնասիրելուց հետո առանձնացնում, հանում է այն զարդանախշերը, որոնք կարող են դառնալ կրելի զարդ, որոնք պետք է լինեն նաև պրակտիկ, որպես հեղինակ, իրենն էլ է «խառնում»։ Ա. Վարդապետյանն ասաց, որ երկար ժամանակ թանգարաններում փնտրել է Կիլիկիան իրական զարդեր, սակայն չի գտել, իսկ պատճառն այն է, որ Կիլիկյան Հայաստանում զարդերը հավաքել են ժողովրդից, ձուլել ու որպես արծաթե տուրք մուծել։
Արմենը ստեղծել է նաև «ԱՐՈւՅՐ» բրենդը, որը արտացոլում է Հայաստանի պատմությունը զարդերի տեսքով, սկսած բրոնզե դարից, երբ դեռևս մթա 4-րդ դարում գործում էին արույրի ձուլակտորներ։
«ՎԱՌ» բրենդի և «ՎԱՌ Մուլտիբրենդ» ընկերության հիմնադիրն աշխատել է միայնակ, սակայն վերջին տարիներն եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են մասնագիտանալ իր արվեստանոցում։ Այժմ Ա. Վարդապետյանն ունի աշակերտներ։ Սովորեցնում է անվճար, համարելով որ երիտասարդները ունեն այդ կարիքը և հնարավորություն է տալիս նաև մնալ ու աշխատել իր արվեստանոցում։
«Մեկ օրում կարող եմ պատրաստել մի քանի զարդ, նայած պահանջվող աշխատանքի ծավալից։ Զարդ կա՝ մեկ տարվա ընթացքում եմ կամաց-կամաց հավաքում։ Սիրում եմ աշխատել նաև բնական չմշակված քարերով», - պատմեց նա։
Սկզբում դժվար է եղել իր ձեռքով պատրաստած աշխատանքներից բաժանվելը, սակայն ժամանակի ընթացքում դարձել է սովորական։ Սիրում է իմանալ, թե ովքեր են իր զարդերի կրողները։ «ՎԱՌ» բրենդի զարդեր կարելի է գնել հենց զարդագործի արվեստանոցից, Նկարիչների միությունում գործող սրահից և Մատենադարանի գլխավոր մուտքի ցուցափեղկից։ Գնորդները ինչպես հայաստանիցներ են, այնպես էլ զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր։
Ա. Վարդապետյանը ցանկանում է տարբեր բրենդներ շուկա հանել, այդպիսով նաև ստեղծել շատ աշխատատեղեր։ Եթե կառավարությունը կարողանա աջակցել տարածքի հարցում, կարող է արտադրություն հիմնել և աշխատատեղ ստեղծել։ Նրա արվեստանոցն ունի նաև փոքրիկ թանգարանային մաս, որտեղ ներկայացված է հայկական մետաղյա գեղարվեստական և պատմական նշանակության իրերի հավաքածու։ Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան