Իրանում ահաբեկչության զոհ է դարձել Հեղափոխության պահապանների կորպուսի 27 անդամ
Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին, նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 27 անդամ։ Այս մասին տեղեկանում ենք aljazeera-ից։
Հաղորդվում է, որ մոտ Հեղափոխական կորպուսի առնվազն 10 անդամներ էլ վիրավորվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) խմբավորումը։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «անվտանգության ուժերը վրեժ կլուծեն նահատակների արյան համար»։
Այս հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վարշավայում փետրվարի 13-14-ին անցկացվում է Մերձավոր Արևելքին նվիրված համաժողով։ Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ հովանավորությամբ և նվիրված է Մերաձավոր Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանը։ Քննարկվող հիմնական թեման լինելու է Իրանը և նաև Սիրիան։
Ահաբեկչական ակտին անդրադարձել է նաև Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ու թվիթերում գրել է, որ պատահականություն չէ, որ Իրանը հարձակման է ենթարկվում, երբ սկսվել է «Վարշավայի կրկեսը»։ Զարիֆը նշել է, թե ԱՄՆ-ը միշտ նույն սխալ ընտրությունն է կատարում, բայց սպասում է տարբեր արդյունքներ։
Նշվում է, որ մահապարտ-ահաբեկչի կողմից իր ականացրած պայթյունի թիրախը եղել են հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել է ավտոբուսին, որը Հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին էր տեղափոխում։