Նախատեսում են Նուբարաշենում նոր աղբավայր կառուցել
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքապետարանից հայտնում են, որ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Մացեյ Ժուրայի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետը կարևորել է նաև աղբի տեսակավորման գործընթացի կիրառումը և նշել, որ ոլորտում արդյունքներ գրանցելու համար այս մոտեցումը ևս անհրաժեշտություն է:
Ըստ աղբյուրի, Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում էլ, որի աջակիցներից է Եվրոպական ներդրումային բանկը, համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոտ 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հստակեցնել համագործակցության նոր ուղղությունները՝ ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով: