Շոուն չի՛ կայանա...
Մոտենում է մարտի 1-ը... Իրականը՝ 2019-ի մարտի 1-ը, այլ ոչ թե դատարաններում չարչրկվող գործը: Ամենայն հավանականությամբ, իշխանությունները մտադրություն ունեին մարտիմեկյան դեպքերի տարելիցին մեծ շոու կազմակերպել՝ հանրությանը մատուցելով նորագույն պատմության այդ արյունալի էջի մեղավորին (ներքուստ ցնծալով, որ արյան մեղքն իրենցից լվացին): Բայց շոուն չի՛ կայանա, որովհետև իրականությունը բավական հեռու ստացվեց ցանկալի պատրանքից:
Մարտի 1-ի գործով ի՞նչ պատկեր ունենք այսօր ՛՛հաղթական շոուի՛՛ փոխարեն: Ջախջախվա՛ծ սցենար...
Երբ իշխանափոխությունից հետո հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, և հուլիսին որպես մեղավոր կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար հանրության կողմից մեծ դիմադրություն չէր ակնկալվում:
Անշուշտ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ իրականացված քարոզչության հետևանքով, հատկապես երիտասարդության շրջանում, հաջողվել էր ստեղծել երկրորդ նախագահի իրականության հետ կապ չունեցող անբարենպաստ կերպար: Սակայն պարզվեց, որ հայ հասարակության մի ստվար հատված հիշում է իր կյանքը, հիշում է 1998-2008-ի հանրապետության տնտեսական վերելքը, հիշում է նաև 2008-ի մարտի 1-ին զինված ամբոխին բախման հրահրողների դեմքերն ու ձայները: Եվ ստացվեց հակառակը՝ ՛՛մեղավորին՛՛ խոնարհաբար ընդունելու փոխարեն ձևավորվեց նրան աջակցողների հզոր շարժում՝ հանձինս պրոֆեսիոնալ փաստաբանների, ԶԼՄ-ների, կայքերի, քաղաքական և հասարակական գործիչների և ի վերջո՝ պարզապես սթափ հայրենասերների:
Իսկ մեղքը նրա վզին փաթաթելու ամենամեծ խոչընդոտն այն եղավ, որ չհաջողվեց ցուցմունք կորզել նախկին նախագահի դեմ... Ոչ ոք վախից կուչ չեկավ և իրականության դեմ չմեղանչեց (չնչին բացառությունը բարձր պաշտոն ստացավ): Իսկ Սամվել Մայրապետյանը և Մանվել Գրիգորյանը գերադասեցին կալանքը կեղծ ցուցմունքներից, ինչի համար առողջության վատթարացմամբ վճարեցին (Մ.Գրիգորյանի մեկուսացման պատճառ, թերևս կարող էր լինել նաև նրան ՛՛Երկրապահի՛՛ ղեկավարությունից զրկելը և այդ ՛՛կիսաբանակը՛՛ սեփական կադրերին հանձնելը): Որևէ մեկը նրանցից ներողություն խնդրելո՞ւ է առողջությանը մեծ վնաս հասցրած կալանավորումների համար:
Հազիվ թե:
8 ամիս ձգվել և դեռևս շարունակվում է Ռ.Քոչարյանի դեմ սանձազերզված դատական քաշքշուկը՝ Առաջին ատյան, Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ դատարան... հետո նորից՝ Առաջին ատյան, Վերաքննիչ դատարան... ընթացքում դիմումներ ՄԻԵԴ, որոնցից երկուսն արդեն գրանցվել են... հիմա կրկին Վճռաբեկ դատարան...
Հետո՞:
Ակնհայտորեն տապալված այս գործում փակուղային է ցանկացած արահետը, քանզի մեղադրանքը ՛՛ջուր՛՛ և ՛՛իրավաբանական աղբ՛՛ է , իսկ միակ ելքն արդարացումն է: Ո՛չ, ելքը ներողությունն է և բարոյական փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության և նրա Երկրորդ նախագահի հեղինակությանը պատճառած ահռելի վնասի համար: Ուզեն-չուզեն՝ մի օր կանգնելու են այդ փաստի առաջ...
Պաշտպանական խմբին պարտադրելով խստորեն պահպանել նախաքննական գաղտնիքը, հակառակ կողմը ջանք չի թափում պահպանել նույն այդ կանոնները: Չհասցնելով մարսել խելահեղ արագությամբ փոփոխվող ամենօրյա իրադարձությունները, ոչ ոք երևի դեռ չի հաշվել այս գործում տեղ գտած դատավարական խախտումները և անձի իրավունքի ոտնահարումները: Բայց մի օր կհաշվեն չէ, թե քանի անգամ են խախտվել Ռ.Քոչարյանի անմեղության կանխավարկածն ու լիարժեք պաշտպանության իրավունքները և՛ Փաշինյանի, և՛ քննչական մամինների կողմից:
Ի դեպ, իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը փետրվարի 11-ին մինչդատավարական վարույթի շրջանակում բողոք է ներկայացրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ, որն առաջին ատյանի դատարանում բավարարվել է։ Սա դեռ սկիզբն է...
Այսօր դեռևս շարունակվում են մարտիմեկյան տարելիցն ինչ-որ կերպ նշելուն ուղղված ջանքերը, և գզրոցներից հանվում են պահեստային մեղադրանքները: Ինչպես հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը՝ Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Հայտնվում է նաև, որ «... առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»:
Իսկ փետրվար 13-ին Hraparak.am-ին տված հարցազրույցում Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքը Քոչարյանի անունը չի տվել և նրա դեմ ցուցմունք չի տվել: Հետաքրքիր շրջադարձ է: Մինչ այս, կարծես թե , քննչական մարմինները շատ վստահ էին սույն տիկնոջ դեպքում... Այսինքն, այստե՞ղ ևս ամեն բան միանշանակ չէ, և խաղացողների դիրքորոշումներն անկախատեսելի՞ են: Չմոռանանք, որ ներկայումս դատարանում Ս. Համբարձումյանի դեմ Ռ. Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա զրպարտության վերաբերյալ: Միգուցե հենց այդ պատճառով է հեռատես տիկինը հե՞տ կանգնել իր ՛՛վկայությունից՛՛:
Այս պայմաններում ինչպե՞ս է տեսնում գործի հետագա ընթացքը մեղադրող կողմը՝ կարճե՞լ, արդարացման վճռով փակե՞լ, թե՞ թքած- կպցրած գործը դատարան ուղարկել՝ գերագույնին սևերես չթողնելու համար: Ասենք, վերջինը բնավ նախընտրելի տարբերակ չէ այն առումով, որ դատարանի դահլիճում կեղտով լցված փուչիկի պայթյունն անհամեմատ ավելի ուժգին ու տհաճ կարող է լինել, և աղետալի հետևանքներ կարող է ունենալ գործը սարքողների համար:
Հարց է ծագում՝ անտեսելով առկա իրողությունները, ինչքան հեռու կարող է գնալ Ն.Փաշինյանը: Միթե իրականությանը մոտ կարող է լինել Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանի հետևյալ դիտարկումը NEWS.am-ի հետ ունեցած զրույցում. «Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածը մեղավորության կանխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է, ինչը խիստ անհանգստացնող է»: Եթե այդպես է, ապա Երկրորդ նախագահին փակի տակ պահելու փաշինյանական մտասևեռումն իրոք լուրջ վտանգ է պետության համար:
8 ամիս իրավապահ մարմինները թաթախված են մի կեղծիքի մեջ, որի արդյունքը կանխորոշված էր ի սկզբանե: Ինչի՞ համար սկսվեց իբր արդարության վերականգմանն ուղղված այս խաղը, որի տակից դեռ ՛՛պատվով՛՛ դուրս գալ է պետք: Իշխանությունն ընդդիմություն չէ, որ կարողանաս ասածիցդ ձերբազատվել՝ առանց հետևանքների մասին լրջորեն անհանգստանալու: Նման խաղերն իշխանական աթոռներ են սասանում... Հատկապես այն դեպքում, երբ ապրիլ-մայիսին ժողովրդի մի մասը ՛՛Նիկոլ, Նիկոլ՛՛ բղավելով երազում էր ունենալ ոչ թե անդադար վհուկների որս և դատական շոուներ, այլ անվտանգ սահմաններ, նորմալ ապրուստ ու աշխատանք: Այ, հենց այս հատվածը՝ համբերության լիմիտը լրանալուն պես, կլրացնի ամիսներ ի վեր սթափության կոչ անողների և հողմաղացների դեմ երևակայական պատերազմը դատապարտողների շարքերը... Իսկ նրանք իրենց պահանջներում հստակ ու կատեգորիկ են. խոստացել ես՝ տո՛ւր, կամ հեռացի՛ր:
Համազգային ցանկության դեպքում դեպքում հնարավոր է իրավական այս թնջուկից ելք գտնել: Օրինակ ՛՛Մարտի 1-ի՛՛ գործը փակված համարել՝ ներկա և հաջորդ բոլոր իշխանություններին հստակ ուղերձ հղելով՝ 1. ՛՛Մարտի 1-ի՛՛ գործով բացառել քաղաքական հաշվեհարդարները; 2. ՛՛Մարտի 1-ի՛՛ գործին անդրադառնալ միմիայն զոհերից որևէ մեկի մահվան հանգամանքների բացահայտմանն առնչվող թեկուզ մանրագույն ապացույց ի հայտ գալու դեպքում:
Այլապես միշտ նույն այս կետում կհայտնվենք՝ փոխված մեղադրողներով, փոխված մեղադրյալներով:
Այս առումով որոշակի հույս է ներշնչում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փետրվար 11-ին ՖԲ-ում արած գրառումը. «Շուտով շրջանառության մեջ կդրվի Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:
Իրոք ժամանակն է փոխհատուցել զոհերի հարազատներին, և դադարել փորփրել նրանց ցավը տարբեր քաղաքական նկրտումներից ելնելով: Ժամանակին կանգ առնելը մեծ ուժ ու կամք է պահանջում, բայց անհրաժեշտ է: Բնավ պարտադիր չէ փորձել փակուղի տանող բոլոր խոտոր ճամփեքը... փորձելու ժամանակն էլ անսահմանափակ չէ:
Լիա Իվանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին