Ալիևը կրկին ապացուցեց, որ չի կարող լինել Գանդիի հետևորդը
Հունվարի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած հայտարարությունը, որում մասնավորապես նշվում էր, որ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել են, որ անհրաժեշտություն կա կոնկրետ միջոցներ ձեռնարկելու՝ բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար», հասարակական լայն քննարկումների տեղիք տվեց։ Թեև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գաղափարը ԼՂ հակամարտության համատեքստում նորություն չէ, բայց այս փուլում այն առավել թերահավատությամբ ու կասկածով ընդունվեց։
Հնչեցվող հիմնական հարցերից էին՝ ինչպիսի՞ խաղաղության պետք է պատրաստվել, ո՞րն է դրա գինը, ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն ալիևյան Ադրբեջանի հետ, եթե վերջինս գոնե հրապարակային հայտարարություններում դյուզն իսկ չի փոխել իր դիրքորոշումը։ Տեղեկատվության պակասը որոշներին դրդել էր եզրակացնել, որ ուրեմն հայկական կողմն է վերանայել իր մոտեցումները, եթե այս պայմաններում խաղաղության հնարավորություն կա։
Բանակցային դինամիկան դրական է և ցանկալի՝ առավել ևս երբ դրան զուգահեռ նկատելի է լարվածության թուլացում շփման գծում։ Սակայն Արցախի հարցում արագ լուծումներ և փակուղու ճեղքում ակնկալելը չափազանց լավատեսական կլինի։ Եվ դա առաջին հերթին պայմանավորված է հենց նախագահ Ալիևի քարացած, դոգմատիկ ու առավելապշտական մոտեցումներով, որոնք ընկած են ադրբեջանական պետության տեսլականի և ինքնության հիմքում։ Ալիևն ինքը պատրաստ չէ այնպիսի խաղաղության, որն ընդունելի է բոլորի համար։ Պատրաստ չէ մի իրավիճակի, երբ կարող է ավելորդ թվալ իր ողջ ռազմատենչ քաղաքականությունն ու ծախսված միլիարդները, կարող է կեղծ թվալ իր կերտած առասպելները, այդ թվում՝ հայր Ալիևի փրկիչ լինելու և արտաքին թշնամու վերաբերյալ։
Իսկ այն, որ Իլհամ Ալիևին վստահել չի կարելի, որ նա է խաղաղության հասանելիության գլխավոր խոչընդոտն ու հանրային կասկածամտության հիմնական աղբյուրը, կրկին անգամ ապացուցելը երկար սպասել չտվեց։
Փետրվարի 12-ին տված հարցազրույցում նախագահ Ալիևը նախ հերթական անգամ ղարաբաղյան պատերազմում կրած պարտության մեղքը դրեց այն ժամանակվա իշխանությունների վրա՝ վստահություն հայտնելով, որ եթե Հեյդար Ալիևը լիներ նախագահ, նման բան չէր լինի։ Ի միջի այլոց, այս միտքը ենթադրում է նաև, որ միայն որդի Ալիևն է կարող հաղթանակ բերել իր երկրին։ Այնուհետև Իլհամ Ալիևը խոսել է բանակցային գործընթացում իրենց ենթադրյալ առավելության մասին և ընդգծել, որ «հակամարտության կարգավորումն հնարավոր է միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Այնուհետև գովաբանել է ադրբեջանական տնտեսությունը, բանակն ու նրա ձեռքբերումները։ Նշել է նաև, որ այսօր բանակցությունները վարում են ԱԳ նախարարները, դրական գնահատել դրանց անցկացումը և հույս հայտնել, որ արդյունքներ կլինեն։
Այս ամենը կարծես թե նորություն չեն և բազմիցս կրկնվել են ադրբեջանական ղեկավարության կողմից։ Հետաքրքրականն այն է, որ խաղաղության նախապատրաստման կոչերի ֆոնի վրա Ալիևը խոսել է միջազգային հարաբերություններում ուժի գերակայության մասին՝ ընդգծելով, որ այսօր աշխարհում գերակայում է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը։ Ադրբեջանի նախագահը հպարտորեն նշել է, որ իրենք արդեն պատրաստ են նման զարգացումների, որ ուժային գործոնը միշտ կլինի օրակարգում և որ տարբեր հնարավորություններ կօգտագործեն տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։
Ալիևը երբեք էլ հայտնի չի եղել խաղաղասիրությամբ, նրա նախընտրած մեթոդները թե երկրի ներսում, թե միջազգային հարաբերություններում ուժն ու բռնությունն են։ Այժմ էլ նա փորձում է հետևել միջազգային նոր թրենդներին, երբ մեծ պետությունները հաճախ անտեսում են իրավունքն և միջազգային հարաբերություններում անթաքույց գործում են ուժային դիրքերից։
Բնականաբար, երբ ԱՄՆ-ի՝ աշխարհի առաջատար երկրի առաջնորդը իրեն թույլ է տալիս միջազգային իրավակարգը խարխլող բազմաթիվ գործողություններ, ապա մանր ու միջին շատ երկրներ կարող են գայթակղություն ունենալ հետևել այդ օրինակին։ Արդյունքում աշխարհը կարող է գլորվել ուժային պայքարի ողբերգական շրջափուլ, ինչը որևէ լավ բան չի բերի նույն այդ երկրներին։
Հետևելով հայաստանյան թրենդին՝ մեջբերենք խաղաղության և ոչ բռնի պայքարի մեծ ջատագով Մահաթմա Գանդիին, ով ասում էր, որ «ակն ընդ ական մոտեցումը կարող է միայն վերջանալ նրանով, որ ամբողջ աշխարհը կկուրանա»։ Չենք կարծում, որ Իլհամ Ալիևը հնդիկ մեծ հումանիստի հետևորդներից է, բայց արժե երբեմն նրան էլ հիշեցնել հնարավոր կուրության ցավալի հետևանքների մասին։