Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը Արցախի զարգացման տեսլականը համարում է առաջիկա տասը տարիներին ոչ պակաս, քան 8 տոկոս տնտեսական աճի ապահովումը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Հարությունյանն այս մասին հայտարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Արցախի տնտեսական հեռանկարները և զարգացման տեսլականը» թեմայով դասախոսության ժամանակ: «Արցախում տնտեսական աճն ապահովող ոլորտներն են՝ էներգետիկան, գյուղատնտեսությունը, ծառայությունների ոլորտը, և այլն:
Արցախն արդեն ինքնաբավ է էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Էներգետիկան Արցախում ապահովում է 1000-ից ավել աշխատատեղ, միլիարդների հասնող եկամուտներ: Սպառողական զամբյուղի ապրանքների գերակշիռ մասով մենք ևս դարձել ենք ինքնաբավ: Դա վերաբերվում է բոլոր ապրանքատեսակներին, բացի շաքարավազից և կարտոֆիլից, քանի որ շաքարավազի արտադրություն դեռ Ղարաբաղում չկա, իսկ կարտոֆիլով Ղարաբաղն ինքնաբավ չէ, քանի որ Հայաստանում շատ ավելի էժան և շատ ավելի որակով է արտադրվում»,-ասել է նա:
Հարությունյանը նշեց, որ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու: «Մեզ վերջին տարիներին հաջողվել է մոնոկուլտուրայից տեղափոխվել արդեն ավելի արժեքավոր կուլտուրաներ և ապահովել
ցանքաշրջանառությունը:Ունենք դեռ տասնյակ հազարավոր չմշակված հողեր Արցախում: Մենք նռան արտադրությունը դիտարկում ենք որպես ռազմավարական, քանի որ նռան արտադրությունը մեզ մոտ ունի մրցակցային առավելություն»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան