Բեռլինի կինոփառատոնն անցնում է սկանդալներով
Կիրակի ավարտվելու է Բեռլինի միջազգային կինոփառատոնը։ Հետաքրքիրն այն է, որ այս փառատոնը սովորաբար հանգիստ է անցնում, սակայն այս տարի աղմուկը շատ է։ tvkultura.ru-ի հաղորդմամբ, դա առաջին հերթին կապված է ոչ թե ֆիլմերի բովանդակության, այլ դրանց ստեղծողների հետ։
Բեռլինում Կլաուդիո Ջովաննեզի «Նեապոլի պիրանին» ֆիլմի պրեմիերայի ժամանակ անվտանգությունն ուժեղացված է եղել։ Դա կապված է եղել ֆիլմի սցենարի հեղինակի՝ գրող և լրագրող Ռոբերտո Սավիյանոյի հետ։ Նա հայտնի է կամորրայի մասին բացահայտող վեպ-հետազոտություններով։ Ասում են, որ մաֆիան ցանկանում է նրան սպանել։ Այժմ Սավիյանոն գտնվում է Իտալիայի ներքին գործերի նախարարության հսկողության տակ։
«Այժմ աշխարհն, ինչպես երբևէ, վտանգավոր է դարձել։ Լրագրողներին, գրողներին սպանում են հենց փողոցում։ Բայց ես շարունակում եմ գրել և պատմել ճշմարտությունը։ Այս ֆիլմում ամեն ինչ հիմնված է իրական դեպքերի վրա, ինչ ես տեսել եմ իմ աչքերով»,- ասել է Ռ. Սավիյանոն։
Ֆիլմի գլխավոր հերոսները սովորական իտալացի դեռահասներ են աղքատ ընտանիքից, որոնք վաղ տարիքից զբաղվում են թմրանյութի վաճառքով, հմտորեն առաջնորդվում են նեապոլյան մաֆիայի կողմից: Սավիյանոն ասել է, որ ցանկացել է պատմել հանցագործ աշխարհի անհայտ կողմերից մեկի մասին։ Ըստ երևույթին, այն, որ նա հրավիրել է համաշխարհային հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա, զայրացրել է նեապոլյան մաֆիային։ Եվ այն, որ ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի փառատոնի մրցութային ծրագրում, միայն հաստատում է դա. այդ սուր խնդրի նկատմամբ ուշադրությունն աճում է։
Եվս մեկ սկանդալ, արդեն կապված չինացի կինոռեժիսոր Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմի հետ, որը հանվել էր փառատոնի ծրագրից։ Պաշտոնապես ասվում է, որ պատճառը տեխնիկական է, թեև որևէ մեկին չի համոզել այդ պնդումը։ Մամուլի ներկայացուցիչները կասկածում են Չինաստանի իշխանություններին գրաքննության մեջ. չէ որ ֆիլում դեպքերը զարգանում են չինական «մշակութային հեղափոխության» ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմը հանել են Բեռլինի կինոփառատոնի ծրագրից
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Ժուլիետ Բինոշը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան