Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն. Էդմոն Մարուքյան
«Անհանդուրժող ելույթ էր ընդհանրապես քննադատությանը և ընդդիմություն ունենալուն»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով վարչապետի ելույթին:
Ըստ նրա՝ դա ընդդիմոււթյան առկայության վերաբերյալ տոտալ անհանդուրժող վերաբերմունք է, որն, ըստ էության, խրախուսվեց վարչապետի ելույթով, ինչը, բնականաբար, վատ է: Միաժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ մարդկանց սթափեցնում են. «Վստահ եմ, որ կսթափվեն, վստահ եմ՝ կհասկանան, որ սա այն տեղը չէ, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ ասել՝ մյուս անգամ էս չասեք կամ էն չասեք»:
Պատգամավորն անդրադառնալով հեղափոխությանն՝ ասաց, որ իրենք հեղափոխության գործում իրենց ներդրումն են ունեցել, որից որևէ կրեդիտ չեն ուզել և միշտ ասել են, թե ովքեր են դա արել: «Մենք չենք ասում՝ էս արինք, էն արինք, մենք դա թողնում ենք մարդկանց: Մարդիկ գիտեն, թե ով ինչ է արել, երբ է արել, ինչքան է արել: Կարծում եմ, որ այսօր ուրացողության ժամանակաշրջան է սկսվել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԼՎԿ-ի քաղաքականությանը, Էդմոն Մարուքյանը նշեց, որ հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ ԼՀԿ-ի քաղաքականությունը եփվում է իրենց գրասենյակներում, գլուխներում, ինչ մասին և Նիկոլ Փաշինյանը, և հեղափոխության մասնակիցները լավ գիտեն: Ըստ նրա՝ այդ էժան խոսակցությունները «պլենդուզի» մակարդակի են իջեցնում կարևոր փաստաթղթի մասին քննարկումները:
«Եթե ապագայում էլ է այս մակարդակի քննարկում լինելու, ուրեմն մենք խայտառակ վիճակում ենք: Ինչ, Փաշինյանն ուզում էր, որ մենք էլ անընդհատ ծափ տա՞նք իր ելույթին: Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Մարդը կանգնում ձեռ է առնում ընդդիմությանը, վարչապետը ծափ է տալիս, որ մյուսներն էլ ծափ տան, հետո ներողություն է խնդրում ու նորից շարունակում ձեռ առնել: Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե դեռ չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետը պետք է հիշի, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ.«Եթե ընդդիմադիր եղած ժամանակ կարող էր նման բաներ ասել այն իշխանությանը, որը կոռումպացված էր, իսկ այսօր նա չի կարող նման հռետորաբանություն կիրառել: Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար, Փաշինյանը պետք է մի բան անի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Մենք շատ լավ ճանաչում ենք հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, բայց կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում