Էրդողանը պնդել է, որ առանց քրդական ուժերից «մաքրելու» Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել
«Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել քանի դեռ Մանբիչը և Եփրատի արևելքը չեն մաքրվել YPG-ից (Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր»-խմբ.)»: Ըստ Էրմենիհաբերի՝ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ:
«Իդլիբի խնդիրը լուծելու համար ջանքեր ենք գործադրում: Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել առանց Մանբիչն ու Եփրատից արևելք ընկած հատվածը YPG-ից մաքրելու»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք պաշտպանում են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը, որպեսզի լուծեն իրենց անվտանգային խնդիրները: Անհրաժեշտ է համարել հաղթահարել Սիրիայի նոր սահմանադրութունը գրելու նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի ձևավորման հարցում առաջացած տարաձայնությունները:
Հիշեցնենք, որ այսօր՝ փերրվարի 14-ին, Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի հիմնումը:
Նշվում է, որ նախագահները քննարկելու են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների/անվտանգության գոտու հիմնման, ինչպես նաև Մանբիջի վերահսկողության հարցը:
Սպասվում է, որ այս հանդիպմանը կլուծվի նաև Սիրիայի նոր սահմանադրությունը կազմելու նպատակով ստեղծվելիք 50 հոգանոց հանձնաժողովի անդամների անունների վերաբերյալ կողմերի ունեցած անհամաձայնությունները:
Գագաթնաժողովից բացի նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:
Ակնկալվում է, որ 3 երաշխավոր երկրների առաջնորդները նաև ուղերձներ կհղեն առ այն, որ շարունակելու են համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ ջանքեր գործադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Նախագահները այս ձևաչափի շրջանակներում վերջին անգամ հանդիպել էին 2018-ի սեպտեմբերի 7-ին: Հանդիպման գլխավոր թեման եղել էր Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության թուլացման հարցը:
Աստանայի գործընթացի շրջանակներում տեղի ունենալիք Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Սոչիում գտնվող Թուրքիայի նախագահը առանձնահանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներն անցկացնում են երկկողմ հանդիպումներ:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է Սոչիում Պուտինի հետ հանդիպման մասին
- Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները
- Սիրիայի քրդերը մերժել են Թրամփ-Էրդողան «պատմական համաձայնությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան