Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրաֆիտիները:
Ուշագրավ է, որ եկեղեցու պատերին հանդիպում է «OHB» ստորագրությունը. այսպես է կոչվում Ստամբուլում գրաֆիտի անող ամենաակտիվ խմբերից մեկը:
Քրիստոնյաների սրբավայրի հանդեպ վանդալիզմի դրսևորումը և հավատացյալների զգացմունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը Թուրքիայում նոր երևույթ չէ:
Տարիներ առաջ նույնպես այս եկեղեցու պատերը պղծվել էին: Չնայած 2018-ին այդ գրառումները կապույտ ներկով քողարկվել էին, այնուամենայնիվ, այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:
Բացի այդ, նախորդ տարվա ապրիլ ամսին Ստամբուլի Քադըքյոյ վարչական շրջանում գտնվող «Սուրբ Թագավոր» հայկական եկեղեցին ազգայնականների թիրախում էր հայտնվել: Անհայտ անձը եկեղեցու մուտքի մոտ աղբաման է դատարկել, իսկ շենքի պատին էլ գրել՝ «էրզրումցի. այս հայրենիքը մերն է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1844թ. սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից` Բարութհանեի (Վառոդարան) և Զեյթինբուրնուի դարբնոցների հայ բանվորների խնդրանքով։
Կայսերական հրամանով եկեղեցին վերանորոգվել է 1847թ., իսկ վերջին վերանորոգչական աշխատանքները կատարվել են 1999թ., որից հետո եկեղեցին վերաբացվել է Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի օծմամբ:
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղված են մի շարք անձինք, ովքեր լուրջ հեղինակություն են ունեցել Օսմանյան պետության մեջ և իրենց նպաստն են ունեցել Պոլսահայ համայնքային կյանքում:
Եկեղեցու և դպրատան հիմնադիր Հովհաննես Տատյանը վախճանվել է 1869թ.։
Նշենք, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի
- Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ վանական համալիրը անհետացման եզրին է
- «Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման շարունակությունն է»
- Թուրքիայում հայկական գերեզմանոցը 82 տարի անց վերադարձվել է իրական տերերին
- Էրդողանը պահանջում է պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները, իսկ Թուրքիայում հայկական գերեզմանոց են ոչնչացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին