«Խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ». Մանե Թանդիլյան
«Կառավարության ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել ևս՝ գործիքակազմը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին և այդ վստահությունը տարիների, տասնամյակների ընթացքում մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից, և այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ:
«Այո, հասարակության սպասումները մեծ են և վստահությունը սեփական ապագայի նկատմամբ մեծ է: Գիտեմ, որ ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են, թոշակառուները և նպաստառումներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիիում: Այս սպասումներից լարվել պետք չէ, այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Սակայն, ըստ նրա, իր անհանգստությունն այն է, որ հասարակության մեծ մասը սկսել է կորցնել այդ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: «Խոսքը կառավարության, իշխանության նկատմամբ վստահության մասին չէ, իմ մտավախությունը սեփական ապագայի հանդեպ վստահության նվազումն է: Սա այն է, որ մենք պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա, հիմա ինչպես անել, որ հանկարծ չվնասել, և այստեղ է իմ և ձեր պատկերացրած կառավարության հեղափոխական ծրագրի տարբերությունները»,-նշեց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի պատկերացմամբ՝ տնտեսական զարգացման երկու ճանապարհ կա, մեկը աստիճանաբար, մյուսը՝ շոկային թերապիան: Առաջիննն ավելի պահպանողական, դանդաղ զարգացումն է, երկրորդը՝ հեղափոխական ճանապարհը. «Եւ այսօրվա կառավարության ծրագիրն, իմ պատկերացմամբ, բոլորովին չի ներկայացնում զարգացման այդ տեմպն ու աշխատունակությունը»:
Մանե Թանդիլյանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում: Ըստ նրա՝ այս հարցից պետք է սկսել ու հասկանալ՝ ինչ անել:
«Եթե կարծում եք՝ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը: Եվ միշտ աշխարհում լինելու են երկրներ, որոնք իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Սակայն ինչպես անել, որ ներդրողը ընտրի հենց Հայաստանը: Այստեղ է անհրաժեշտություն ունենալ այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի և սպասելիքներ ներդրողի համար»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով «Իմ քայլը » խմբակցության պատգամավորների այն պնդումներին, թե կառավարության ծրագրում պարտադիր չեն թվերը, Մանե Թանդիլյանն ասաց, որ դրա համար կա առնվազն մեկ պատճառ՝ Սահմանադրության 156- րդ հոդվածով յուրաքանչյուր տարվա համար կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային Ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին, հետևաբար, ծրագիրը պետք է լինի չափելի, ժամանակի մեջ ներկայացված: «Երբ Ձեր ընկերները, նախարարները, վարչապետը կգան կառավարությունից ու կասեն՝ գիտեք, աճը 2 % է, դուք չեք կարող ասել, որ ինչո՞ւ այդպես պատահեց, չէ որ ծրագրում 5% էր ակնկալվում»,-նշեց նա:
Խոսելով աղքատության հաղթահարման մասին՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ կարևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա որպես ցուցանիշ ընդունելը, ինչպես նաև հինգ տարվա ընթացքում ծայրահեղ աղքատության վերացման մասին շեշտելը: «Բայց իմ հարցը հետևյալն է՝ եթե մարդը ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25.7 տոկոս աղքատությունը պահպանվելու է, թե՞ նվազելու է: Եվ արդյոք սա՝ որպես տնտեսական հեղափոխության հետևանք և չափելի ցուցանիշ, թիրախավորված է: Իմ պատկերացմամբ՝ ոչ, քանի որ ծայրահեղ աղքատությունը դա խայտառակություն է, և խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ: Այո, դուք ժառանգել եք դա, բայց համաձայնեք, որ դա չէ տնտեսական հեղափոխության ցուցանիշը»,- ասաց պատգամավորը:
Նա դրական համարեց նաև արտահանման կառուցվածի փոփոխությունները, իսկ օրինակ պետական պարտքի կառավարման մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա. «Սա այն վտանգն է, որ կարող է ռիսկի տակ դնել ծրագրի իրականացումը, բայց ուզում եմ հավատալ, որ չի մոռացվել և այս մասին հոգ է տարվելու»:
Ավարտելով ելույթը՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել ևս՝ գործիքակազմը:
«Ինձ համար սա կարծես զրույց լինի վարչապետի և քաղաքացիների միջև, կամ վարչապետի ուղերձը կառավարությանը, բայց երբեք ոչ կառավարության չափելի, տեսանելի, հասանելի, վերահսկելի ծրագիր: Այս դահլիճում հարց հնչեց՝ հիմա դուք ում կողմից եք: Անձամբ ես պետության զարգացման, հզորացման , առաջընթացի, ուժեղացման կողմնակիցը, և վայ նրան, որ դրա կողմնակիցը չէ: Անկախ նրանից, որ այս ծրագիրը հեղափոխական չէ, հույս ունեմ, որ կառավարության տնտեսական թիմի մտքում և ճանապարահային քարտեզում հեղափոխություն տեղի կունենա, կունենանք առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն, այսինքն՝ հեղափոխական փոփոխություն տնտեսության մեջ»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է. Բաբաջանյան
- «Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն». ընդդիմադիր պատգամավորը՝ իշխանությանը
- Ժպիտ չկա ԱԺ դահլիճում. Վարազդատ Կարապետյան
- Նախկինում լրագրող պատգամավորը չի ուզում ԱԺ-ում միայն խոսել
- Վարդան Ղուկասյանը՝ «մեծ գլխի ու փոքր մարմնի» մասին
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
- Այդպես էլ բովանդակային քննարկումներ չծավալվեցին. Ավինյան
- Որ ծրագիրն ավելի լակոնիկ լիներ, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ է լինելու, դուք պրոբլեմ չունեք. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետին
- Հիմա դուք մեր կողմից եք, թե՞ առյուծի. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
- Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում