«Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք էստեղ նստած» (լրացված)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում իր ամփոփիչ ելույթում առաջին հերթին անդրադարձավ ԱԺ ամբիոնից հնչած մունաթների և հեգնանքների թեմային, և ներողություն խնդրեց բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում մունաթ կամ հեգնանք են նկատել:
«Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, քանի որ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ այսօրվա խոսքում և հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն կստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ՝ դա սխալ տպավորություն է»,- նշեց վարչապետը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ին՝ ասելով, որ վերջին երեք օրվա քննարկումները ցույց տվեցին՝ ունենք նոր որակի խորհրդարան:
Նրա խոսքով՝ եկար տարիներ սա ևս մեր երկրի անլուծելի թվացող հարցերից է եղել: Եվ այսօր, ըստ նրա, կարող են արձանագրել, որ այս խնդիրը լուծված է:
«Վերջին երեք օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված: Իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ, գաղափարական բախում: Այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում: Մի մասը ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էին այն մասին, որ պատրաստվում են նոր գիրք գրել: Մի մասը այն պատմության մասին էր խոսում, որ իրենց հայտնի է, մյուս մասը այն պատմության մասին, որ իրենք պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման ընթացքում թերևս ծրագրի ամենակարևոր հատվածը չմեջբերվեց, որտեղ ասվում է՝ կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018-ի արտահերթ ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմադիրների քննադատություններին՝ նշելով, որ իրենց կառավարությունը հավատի սիմվոլն է:
Նրա խոսքով՝ իրենք ասում են, որ հնարավոր չէ ոչ մի բան անել առանց աշխատանքի, և քաղաքացին պետք է հավատա իր ուժերին, ինչին ի պատասխան ընդդիմադիրներն ասում են, որ քաղաքացին հավատում է վարչապետին, կառավարությանը, բայց չի հավատում իր ապագային:
«Մեր կառավարությունն այդ հավատի սիմվոլն է, այդ հավատի արտահայտությունն է, և մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին ինքն իրեն հավատա՝ տնտեսության, քաղաքականության, գիտության մեջ, իր դարդերը ոտատակ տալու մեջ, իր խեղճությունը հաղթահարելու մեջ: Իսկ մեզ ասում են՝ պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում,ամեն մարդ չի կարող բիզնեսով զբաղվել: Այստեղ է, որ բախվում են հին ու նոր մտածողությունը՝ բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարող են զբաղվել, որոնք ունեն դաբրոներ, ախպեր, ախպոր ախպեր, կիլլերներ, մաֆիոզ կապեր, ոնց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով: Ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջի, որովհետև քաղաքացին ով ա, որ ՀԴՄ պահանջի»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն խոսեց նաև «աղքատությունը մարդկանց գլուխներում է» իր հայտարարության մասին՝ նշելով, որ այն շահարկում են՝ ասելով, որ եթե աղքատ ես, ուրեմն մեղավոր ես:
Նրա խոսքով՝ այդ նախադասությունն ասում է մի մարդ, որ այս ամբողջ ճանապարհը ծերից ծեր անցել է, զգացել է աղքատությունը և իր գլխում հաղթահարել ու հասկացել, թե ինչ է նշանակում քաղաքացի. «Դա է մի մարդ, որ 1991 թ-ին ԵՊՀ-ի ուսանող է դարձել և իր ընտանիքն ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարել: Եւ ես ասում եմ, որ աղքատությունը մեր գլուխներում է, և ասում եմ դա որպես մարդ, ով դա իր գլխում հաղթահարել է»:
Վարչապետն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության հայտարարություններին՝ հորդորելով, որ իրեն ու նախկին իշխանություններին չհամեմատել:
«Չփորձեք ինձ ու իրենց դնել նույն հարթության վրա, Ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա: Դուք 2018-ին էլ ասում էիք, որ անձերի դեմ չեն պայքարում, դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը, ով է հավատում, ով չէ: Իրանք էլ հեղափոխության հավատաքննիչն են:Հետո ասում են՝ հեղափոխություն չի եղել, մի հատ դեմներդ ու կողքներդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք էստեղ նստած»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ընդդիմադիրներին հորդորեց հոռետեսական բոլոր կանխատեսումները պահել իրենց, որովհետև այդ հին տրամաբանությունն է, որ լինելու է վատ կամ ավելի վատ. «Չի լինելու վատ կամ ավելի վատ, լինելու է լավ և ավելի ու ավելի լավ ու այդպես անընդհատ: Բայց սրա համար ամեն քաղաքացի պետք է այս մտածողությունն իր մտքում կրի:
Ասում են՝ մի պատգամավոր հայտարարեց, որ իրենք իշխանություն չեն: Այո, իշխանություն չենք: Մենք կառավարություն ենք, մենք իշխանություն չենք: Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, սա նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ դուք էլ իշխանություն չեք, դուք ընդամենը խորհրդարանի պատգամավոր եք, դուք օրենսդիր իշխանություն եք: Բայց Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն է իշխանության աղբյուրը, ժողովուրդն է փոփոխության աղբյուրը, ժողովուրդն է հաղթողը, այո, պարտվողը ես եմ՝ անձամբ, իսկ հաղթողը ժողովուրդն է: Այդ որ ասում եք հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը որբ է, եթե նույնիսկ մտածում եք պարտության մասին՝ պարտությունը որբ չէ, ես եմ այդ պարտության տերը: Հաղթանակը ձերն է, բոլորինն է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացունն է»:
Անդրադառնալով Մարուքյանի՝ Ագրարային համալսարանի ռոկտորի նշանակման հետ կապված հայտարարությանը, նշեց. «Ասում է՝ հովանավորյալին նշանակել ես ռեկտոր, դե կամ ապացուցեք, որ ռեկտորը հովանավորյալն է, կամ ներողություն խնդրեք այս ամբիոնից։ Ասում է՝ ռեկտորն 800 հազար աշխատավրձ է իրեն նշանակել, ոչին որ այդ ռեկտորը ևս 300 հոգու աշխատավարձ է բարձրացրել։ Այսինքն ազգային կրթության հետ հենասյունը պետք է 800 հազար աշխատավարձ չստանա»։
Եզրափակելով խոսքը Փաշինյանն ասաց. «Այսօր սկսում եմ իմ երկրորդ քայլարշավը, կրկին և ֆիզիկական, և վիրտուալ, դեպի տնտեսական հեղափոխություն։ Ով քայլ ունի անելու, թող անի իր քայլը, ով ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է, մենք քայլում ենք դեպի ազատ, երջանիկ և հզոր Հայաստան, որտեղ մեր գլխավերևում միայն ու միայն ՀՀ դրոշն է և մենք քայլում ենք հետևելով ՀՀ դրոշին ու մեր պատմությանը: Մենք տեղ ենք հասնելու հաղթանակած: Ընդեղ, որտեղ պետքա, գնալու են ժողովրդի առջևից, ընդեղ, որտեղ պետքա, գնալու ենք ժողովրդի հետևից»:
Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում