Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Տեառնընդառաջը՝ Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն։ Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Qahana.am-ը գրում է, որ, ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին