Առաջին անգամն էր, որ ընտրության արդյունքները հրապարակվեցին և ՍԴ-ում որևէ վիճարկում չեղավ. Մուկուչյան
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին ԿԸՀ գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ ընդհանուր ընտրական գործընթացի կազմակերպման առումով որևէ ժամկետային խախտում չի եղել։
Ինչ վերաբերում է վերահաշվարկներին՝ Մուկուչյանը հայտնեց, որ 13 դիմում են ստացել, որից մեկն է միայն ներկայացվել իրավասու սուբյեկտի կողմից, մնացած 12-ը ներկայացվել է այն անձանց կողմից, ովքեր, ըստ ԸՕ-ի, նման դիմումներ ներկայացնելու իրավունք չունեին:
«Տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ 57 ընտրատարածքներում ներկայացրել են վերահաշվարկի արդյունքներ, մեկը՝ դիմումի համաձայն, 56-ը՝ սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում որևէ փոփոխութուն չի արձանագրվել, եղած անճշտություններն էլ աննշան են եղել»,- հավելեց ԿԸՀ նախագահը։
Նա հայտնեց, որ համապետական ընտրություններից հետո առկա չէ դեպք, որ դատական կարգով բողոքարկված չլինեն ընտրության արդյունքները և սա առաջին անգամն էր, որ ընտրության արդյունքները հրապարակվեցին և ՍԴ-ում որևէ վիճարկում չեղավ. «Նաև չեղան վիճարկումներ ԿԸՀ-ում՝ ընտրության արդունքների հետ կապված»։
Նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ չնայած դրական փոփոխություններին, չի կարելի ասել, որ այս ընտրություններում չկային անցանկալի տեսարաններ:
«Անգրագետներից բաղկացած, ջունգլիական հակումներով օժտված ինչ-որ երիտասարդ խմբակներ մասսայաբար շրջում էին՝ պաստառները պոկելու նպատակով: Նրանց չի կարելի մեղադրել, քանի որ նրանց կյանքի միակ նպատակը պաստառ պոկելն է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը դիմելով Տիգրան Մուկուչյանին ասաց, որ պետք է նախընտրական պաստառների համար այնպիսի տեղեր առաջարկել, որ հնարավոր չլինի դրանք վնասել: