Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը. վարչապետ
«Երեկ Ազգային ժողովը հավանություն տվեց Կառավարության գործունեության հնգամյա ծրագրին և կարող ենք արձանագրել , որ Հայաստանի հանրության, քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կառավարությունը դեռ պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից:
Վարչապետը ներկայացրեց մի քանի ուղղություն, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:
Մասնավորապես, հանձնարարեց վերանայել մինչ այժմ ներկայացված ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններում:
Բացի այդ, հանձնարարեց կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտարէներգիայի կանխատեսլի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները:
Անդրադառնալով սեզոնային աշխատանքներին՝ վարչապետը նշեց, որ շուտով սկսվի սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, դրա համար պետք է մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղացաին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:
Վարչապետը նաև հանձնարարեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը, ինչպես նաև արագ բացահայտել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ և ավելի վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրակարգում պետք է պահել բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը և դրա հետ կապված ռազմավարություն մշակել, միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել:
Հանձնարարեց նաև մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, ակտիվացնել և զարգացնել այն բոլոր ուսումնական կենտրոնները, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է, ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում:
Վարչապետը նաև գյուղատնտեսության ոլորտին ուղղված հանձնարարականներ ներկայացրեց՝ նշելով, որ կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է կատարել ջրամաբարաշինության ու ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում և իրականացնել նոր նախագծեր՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ:
Նա նաև հանձնարարեց մսի և կենդանի գլխաքանակի արտահանման կենդանի գլխաքանակի հաշվառում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: Նշեց նաև, որ պետք է պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործուն մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: