Կառավարությունն ու ԿԲ-ը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ. վարչապետ
Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է լրջորեն համագործակցեն տոկոսադրույքների նվազեցման ռազմավարության և քաղաքականության ուղղությամբ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այստեղ անելիքներ ունեն նաև Ազգային ժողովն ու Արդարադատության նախարարությունը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ԿԲ հաշվարկներով՝ այսօր 300 մլրդ դրամ բանավեճային փուլում է և այդ գումարը ոչ մեկինը չէ, քանի որ դատական համակարգը ժամանակին լուծում չի տալիս խնդրին. «Ընդ որում, այդ գումարի կեսի վերաբերյալ բանավեճ չկա»:
Վարչապետն ասաց՝ տարեվերջին բանկիրների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ նրանք օրենսդրական լուծումներ կառաջարկեն, թե ինչպես կարող են խնդրին լուծում տալ: Նրա խոսքով՝ սա կարևոր հարց է, քանի որ ֆինանսական շուկայում 300 մլրդ դրամի հայտնվելը կօգնի նվազեցնել տոկոսադրույքները:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց հնարավորինս արագ օրենսդրական փոփոխություններ մշակել և ուղարկել Ազգային ժողով: