Որակյալ լրագրության ֆինանսական կայունությունը վտանգված է․ ԵԽ-ն կոչ է անում քայլեր ձեռնարկել
Եվրոպայի խորհուրդը կոչ է արել իր անդամ 47 պետություններին՝ ապահովել որակյալ լրագրության ֆինանսական կայունությունը՝ հաշվի առնելով, որ դա հանրային բարիք է և էական դերակատարություն ունի մարդկանց համար՝ նրանց կարծիքի ձևավորման ու արտահայտման, կառավարության ու հասարակության վերաբերյալ տեղեկացված ընտրություն կատարելու առումով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքից։
ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունած հռչակագիրը քաջալերում է պետություններին ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք կդյուրացնեն որակյալ լրագրության աշխատանքը, միաժամանակ չեն սահմանափակի լրատվամիջոցների խմբագրական և գործառնական անկախությունը։ Առաջարկվող միջոցներից են բարենպաստ հարկային ռեժիմը, ֆինանսական աջակցությունը և հնարավորությունը՝ լրատվամիջոցների համար գործել որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն և բարեգործական ծրագրերից ստանալ նվիրատվություններ։
Հռչակագրի ընդունման պատճառը մտահոգությունն էր, որ որակյալ լրագրության ֆինանսական կայունությունը մեծապես վտանգված է։ Այս վիճակը, որը նկատելի է ամբողջ մայրցամաքում, հիմնականում առաջացել է մեդիա ոլորտի թվայնացման պատճառով, ինչը խաթարել է գովազի վրա հիմնված ավանդական բիզնես գործելակերպերը։ Հետևանքները սկսվում են լուրերի սահմանափակ հաղորդումով, աշխատատեղերի կորստով, լրագրողների աշխատանքային պայմանների վատթարացմամբ, վերջանում՝ լրատվամիջոցերի սեփականատիրության առավել կենտրոնացումով։
Նշելով, որ թվային միջավայրը նոր հնարավորություններ է ստեղծում ազատ արտահայտման և կարծիքների բազմազանության համար, Հռչակագրում ընդգծվում է նաև, որ դա ստեղծում է մանիպուլյացիայի, ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման վտանգներ։
Առցանց հարթակների մասով ԵԽ նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնում, որ կա թափանցիկության պակաս, թե ինչպես են նրանք ընտրում և աստիճանակարգում լուրերը, և ընդգծում է նրանց պատասխանատվությունը լուրերի տարածման գործում, որ պետք է արվի նաև նախապատվություն տալով արժանահավատ ու բազմաբնույթ տեղեկատվությանը, և ոչ թե ապատեղեկատվությանը և չարամիտ կամ ակնհայտ կեղծ բովանդակությանը։
Վերջապես, Հռչակագրում ընդգծվում է լուրերի և այլ մեդիա կոնտենտի արտադրության համար արդար ֆինանսական հատուցում ապահովելու կարևորությունը։ Ըստ անհրաժեշտության, դա կարող է ներառել եկամուտների վերաբաշխում առցանց հարթակներից լուրերի կոնտենտի պրովայդերներին։