ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։
«Մենք անհանգստանում ենք, երբ մեր որևէ դաշնակցին պատրաստվում են վաճառել ռուսական արտադրության պաշտպանական համակարգեր։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ գործարքը։ Այս ամենը շատ մտահոգիչ է։ Հուսով ենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Հաթչիսոնը։
Նա հավելել է, որ S-400-ների մատակարարումը կարող է խոչընդոտել ամերիկյան արտադրության պաշտպանական մի շարք համակարգերի մատակարարմանը Թուրքիային։ Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը կարող են խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին ինտեգրվելու հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան բացի S-400-ներից ցանկանում է գնել ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր։ Այդ նպատակով Անկարան արդեն բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ։ Թուրքիայում հայտարարել էին, թե միայն S-400-ները չեն կարող ապահովել Թուրքիայի ամբողջական անվտանգությունը։