Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան. Փաշինյան
«Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, որոնց մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում:
«Մի մասը նախընտրում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, այդտեղ որևէ խնդիր չկա, բայց պետք է ամբողջ տեղեկատվությունը ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով, թե ներդրողների հետ բանակցություններում ինչ խնդիրների են բախվում, նշեց, որ երբեմն ներդրողի հետ անցկացված ժամանակն անիմաստ է լինում, ինչի արդյունքում տուժում են մյուս պոտենցիալ ներդրողները:
«Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մշակել, թե ինչպես վարվել՝ առաջարկվում է նման խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք բանկից կներկայացնեն տեղեկանք, էսպես ասած, այսինքն՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք՝ եթե մարդ, որը կյանքում իր բանկային հաշվում 5000 դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 մլն կամ 5 մլն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ էդտեղ ինչ-որ բան էնպես չի: Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն կոնկրետ ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար՝ մենք ժամանակ չենք ծախսում որևէ այնպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: