Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին պաշտպանել են Սիրիայի ամբողջականությունը
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարները Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը խոսել են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարման ծրագրերի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Российская газета-ից։
Նախօրեին՝ փետրվարի 14-ին, կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին համատեղ հայտարարություն են ընդունել: Այս փաստաթղթում նախագահները նշել են «Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ ամուր և անխախտ պարտավորություն» մասին, ինչպես նաև հայտնել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին:
Փաստաթղթում նաև նշվում է, որ նրանք «մերժում են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով երկրի տարածքում նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը»:
Միասնական հայտարարության մեջ նշվում էր, որ Սիրիայից իր ուժերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության որոշման իրականացման դեպքում այն կդառնա երկրում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ կատարված քայլ։
Նշենք, որ Սիրիայում իրավիճակի կայունացման ուղղությամբ սա այս ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումն էր՝ առաջինը կրկին տեղի էր ունեցել Սոչիում, երկրորդն ու երրորդը՝ Անկարայում ու Թեհրանում, և արդեն չորրորդը կրկին Սոչիում։