«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Երևան» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ հանդես են գալիս 200 քանոնահարներ։ Panorama.am-ի հետ զրույցում Արա Գևորգյանը պատմեց, որ դեռ տարիներ առաջ «Մուշ» ստեղծագործությունը ձայնագրել է 50 քանոնով։
«Ձայնագրությունից հետո զգացի, որ ինչ-որ բան պակասում է։ Բասը չկար։ Բասի պարտիան համակարգչի օգնությամբ մեկ օկտավա իջեցրեցի ներքև: Ամեն ինչ իր տեղն ընկավ»,- ասաց նա։
Դրանից հետո Արա Գևորգյանի մտահղացմամբ Ալբերտ Զաքարյանը պատրաստել է բաս-քանոն։ Այսօր արդեն 5 հատ բան-քանոն են ստեղծել։
Կոմպոզիտորը ներկայացրեց, որ դեռ անցած տարի Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված թողարկել է «Դուք պիտի ճախրեք» ձայնասկավառակը, որում ընդգրկվել է նաև «Երևան» ստեղծագործությունը, որից հետո որոշել է քանոններով ներկայացնել «Երևանը», նկարահանել տեսահոլովակ։
«Ուզում էի տեսահոլովակը նկարահանվեր Հանրապետության հրապարակում, սակայն խառն էր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով, Էրեբունի-Երևան տոնակատարություն, հրապարակում բեմահարթակներ էին սարքում։ Որոշեցի Դավթաշենի կամրջի վրա, սակայն մի քանի ժամ պետք է այն փակվեր, քաղաքի հետ կապը կկտրվեր։ Անհնար էր։ Որոշեցինք նկարահանել Համալիրի դիմաց»,- պատմեց կոմպոզիտորը։
Արա Գևորգյանն ասաց, որ քանոնահարուհիներ Հասմիկ Լելոյանը, Ծովինար Հովհաննիսյանը, Արմինե Ասատրյանը հավաքել են իրենց աշակերտներին, այնուհետև վարձել են 200 աթոռ, սակայն պարզվել է, որ 200-ից ավելի են երեխաները։
«Ստիպված մաս-մաս ենք նկարահանել, մի մասին նկարահանել ենք, հետո բերել մյուս մասին։ Ափսոսում եմ, բայց ուղղակի հնարավոր չէր 200 հոգուն միաժամանակ նկարահանել»,- նշեց նա։
Քանոնահարները ոչ միայն Երևանից են, նաև ոչ հեռավոր մարզերից։ Նվագողներից երկուսն են տղա։
«Այսպես քիչ թե շատ պրոպագանդում ենք քանոնը։ Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»,- ասաց Արա Գևորգյանը։
Նա նշեց, որ իրենց հովանավորել է ավստրալացի մեր հայրենակից Ռիտա Լեփեջյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Վահան Սեթոյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան