«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
Դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն արդեն կայք ունի՝ boheme-theater.am: Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կայքի ստեղծման առանցքային նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է. հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան «Բոհեմ» թատրոնի ներկայացումների մասին, ինչպես նաև կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել։
«Այն ստեղծվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի տենդենցները: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց: Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլև օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Հայաստանում դեռևս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաև այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետևեն մեր օրինակին»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Այս տարվա ապրիլի 26-ին լրանալու է Նարեկ Դուրյանի ծննդյան 60-ամյակը, որի առիթով նա ներկայացում է պատրաստում։
«Հիմա աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա: Ամեն տարի չէ, որ 60 ես դառնում, երկու անգամ 60 էլ չես կարող դառնալ: Մոնոներկայացում եմ անելու, ներկայացման մեջ ներգրավված է նաև նվագախումբ:
Ներկայացնելու եմ այն ամենն, ինչ զգացել եմ այս 60 տարիների ընթացքում: Պատմելու եմ այն մասին, թե ինչ եմ կարողացել անել, ինչում եմ հաջողել կամ չեմ հաջողել…»,- պատմում է դերասանը։
Թատրոնի վերջին ներկայացումներից է «Շենքում իրավիճակ է փոխվել» բեմադրությունը:
«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացումը ստեղծել են երիտասարդները, ես պարզապես օգնել եմ տեսքի բերել այն: Ներկայացումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրա հիմքում անձնական պատմություններն են. բոլոր հերոսները մեկ շենքում են ապրում և շենքում իրավիճակ է փոխվել: Շենքը կարծես պետության մոդել է դարձել: Շատ հետաքրքիր է ստացվել»,- ասում է Ն. Դուրյանը:
Նրա խոսքով, վերջին տարիներին իսկապես նվիրվել է երիտասարդներին. «Յուրաքանչյուր բեմադրություն ստեղծելիս առաջին հերթին մտածում եմ, թե նրանք ինչ դեր պետք է խաղան այդ ներկայացման մեջ: Այս կերպ ցանկանում եմ նաև ճանապարհ հարթել նոր սերնդի համար»: