Վարոսյան. Նման երևույթի դեպքում փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի, հետո այրվի
Փաստաբան Երվանդ Վարոսյանը համարում է, որ սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելու համար փաստաբանի արտոնագիրը պետք է դադարեցվի:
«Կարող է արդյո՞ք փաստաբանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել պաշտպանյալին իրավաբանական օգնություն մատուցել։ Կարծում եմ` կարող է, պատճառներն էլ շատ կարող են լինել, բայց դրանք պիտի մնան փաստաբան-պաշտպանյալ շրջանակում։
Կարող է արդյո՞ք փաստաբանը դա անել հրապարակային` օգտագործելով արտահայտություններ, ներկայացնելով դիրքորոշում, որը կվնասի պաշտպանյալի շահերին, կարծում եմ նման քայլը միայն ծայրահեղ դեպքերում է ընդունելի, երբ պաշտպանյալն է հրապարակային զրպարտում փաստաբանին կամ նրա դեմ այլ գործողություններ է իրականացնում։
Մնացած բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը, կամ վստահորդին հակառակ կողմին «վաճառելը» այն դեպքերն են, երբ փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի, հետո այրվի, իսկ մոխիրը շաղ տրվի հեռու՜, հեռու՜ սարերում»,-երևույթի մասին գնահատական է տվել ու իր կարծիքը հայտնել փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի. «Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»:
Ավելի վաղ` անցած տարվա հունիսին Մանվել Գրիգորյանի պաշտպանությունից հրաժարվելու մասին հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Հրանտ Անանյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց »:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան