Ժիրայր Սեֆիլյան. Երկրապահը պետք է լուծարվի
Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեդիլյանը կարծում է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի, քանի որ ըստ նրա, այն ունի հանցավոր ու ամոթալի կենսագրություն:
«Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն:
Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա:
Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք:
Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել և առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։
Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով:
Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ միությունն առանց ղեկավարի է մնացել այն բանից հետո, երբ Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Այժմ ԵԿՄ նախագահ դառնալ հավակնում է արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին
- «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են
- Արամ Սարգսյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնը կզիջի Սասուն Միքայելյանին. «Հրապարակ»