Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի, Ամանորը Մալդիվներում անցկացնե՞լ, թե՞ մնալ տանն ու կոմունալների համար վճարել։
Սամվել Խաչատրյանը Երևանում՝ Նորքի 8-րդ զանգվածի 32 շենքի բնակարաններից մեկում վարձով ապրում է 2016-ի ապրիլից։ Այդ օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերը ներառյալ սպառել է ընդամենը 212 խմ գազ։ Տանը խորհրդային տարիների մի գազօջախ ունեն, միայն դրանով են գազը սպառում։ 2019-ի հունվարին, ըստ տեսուչի, սպառել են 95 խմ գազ։
«Ընդ որում, մենք տանը եղել ենք մինչև ամսի 18-ը, քանի որ վիրահատվել եմ, հետվիրահատական ընթացքում հիվանդանոցում ենք եղել։ Ստացվում է, որ մենք 18 օրում այդ մի գազօջախով սպառել ենք 1.5 տարվա ընթացքում սպառած գազի մոտ 50 տոկոսի չափով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Խաչատրյանը։
Մասնագետները քաղաքացուն պատկերավոր նկարագրել են, որպեսզի 18 օրում նման պատկեր ստացվի, ապա գազօջախը պետք է անընդհատ ուժեղ վառվի օրվա մեջ 21 ժամ։ Միայն այդ դեպքում է հնարավոր մեկ օրում 5 խմ գազ սպառել։ Տեսուչի հետ կապվելու քաղաքացու բոլոր փորձերն անհաջողության են մատնվել։
«Հետաքրքիր է մեկ ուրիշ հանգամանք։ Այսօր փետրվարի 18-ն է։ Նայում եմ հաշվիչին, այդ ընթացքում ծախսել ենք 8 խմ, այն դեպքում երբ հունվարին նույն ժամանակահատվածում իբր ծախսել էինք 95 խմ»,-ներկայացրեց նա։
Երևանի բնակիչ Թեհմինեն ապրում է միայնակ։ Բնակարանը տաքացնում է էլեկտրաէներգիայով։ Դեկտեմբերին վճարել է 28 հազար դրամ, նոյեմբերին ավելի քիչ՝ 22 կամ 23 հազար դրամ։ Հունվարին նրան տեղեկացրել են՝ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի 53 հազար դրամ։
«Չորս տարի է՝ նույն պլիտայով եմ տաքացնում տունը, յուղով պլիտա, որ կախվում է պատից։ Միշտ ձմռան ամիսներին վառել եմ 28-32 հազար դրամ, եթե իհարկե ամենաբարձրի՝ 8-ի վրա եմ դրած եղել։ Բայց հունվարի ընթացքում ես 6-7-ի վրա եմ դրել, մենակ եմ, տանը նոր տարի չեմ նշել, զանազան ուտելիքներ չեմ պատրաստել, հունվարին էլ աշխատել եմ, մի խոսքով, դեկտեմբերի համեմատ հունվարին իմ կյանքում ոչինչ չի փոխվել»,-ասաց նա։
Իր դժգոհությունը ներկայացրել է էլեկտրիկին։ Վերջինը պատասխանել է, իբր հունվարի գումարում ներառել են դեկտեմբերի վերջին երեք օրերը՝ 29-31-ը, իսկ հունվարը երկար ու խառը ամիս է։ Էլեկտրիկն ասել է՝ կասկածել պետք չէ, հաշիվը գրվում է ավտոմատ համակարգով։
«Բայց ես այդ օրերին նույն չափով եմ վառել։ Այդ պլիտան առավելագույնն օրական վառում է 1200 դրամ, ես հաշվում եմ՝ 2000 դրամ։ Թող երեք օրվա համար 6 հազար դրամով թանկ գար, բայց ոչ 53 հազար դրամ։ Աբսուրս է։ Ես այսօր եմ վճարել, թե չէ կանջատեին, ի՞նչ անեի»,-նշեց քաղաքացին։
Նա հույս ունի, արդարությունը կվերականգնվի, իսկ մինչ այդ ուզում է հասկանալ՝ թե որն է պատճառը։
«Տպավորություն է, որ ինչ-որ մեկը նստել է ու կամայական թվեր գրել՝ մտածելով, ոնց էլ չլինի Նոր տարվա համար ավելի շատ սպառած կլինեն։ Բայց չեն մտածել, որ հունվարին օրինակ, իմ կյանքում որևէ փոփոխություն չի եղել»,-ասաց նա։
Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլեկտրաէներգիայի համար դեկտեմբերին վճարել է 30 հազար դրամ, հունվարին ՀԷՑ-ից ասել են՝ պարտքը կազմում է 280 հազար դրամ, այն դեպքում, երբ տանն ավելի քիչ են եղել։ Նա հետաքրքրվել է ծանոթներից, ապա գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավել է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը կարծես բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»։
Գրառման ներքո արձագանքել է ավելի քան 230 մարդ։ Մի քանի տասնյակ օգտատերեր էլ կիսել են այն։
«Ես նախ մտածեցի տեխնիկական խնդիր է, շատ մեծ ուշադրություն չդարձրեցի։ Բայց մտքովս անցավ՝ գուցե միակը չեմ։ Սկսեցի ուսումնասիրել, տեսա, որ սա համահայաստանյան հարց է։ Մարդիկ կան, որ հնազանդ կերպով վճարել են այդ գումարները։ Գրեցի ֆեյսբուքում, ցավոք, իմ սպասումներն արդարացվեցին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը խոսել է ՀԷՑ ընկերության փոխտնօրենի հետ։
«Նա առաջարկեց, որ քաղաքացիները դիմեն ընկերությանը, և ամեն դիմումին շատ արագ արձագանք կլինի։ Դա ողջունելի է, բայց կարևոր է, թե խնդիրն ինչից է առաջացել, խնդիրը տեխնածի՞ն է, թե կարող ենք տեսնել այլ պատճառներ։ Ես մինչև վերջ հետամուտ եմ լինելու այս պարզաբանումները ստանալ ու հասկանալ մեր հետագա քայլերը»,-նշեց Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ պատճառն իսկապես տեխնածին է։
ՀԷՑ ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը Panorama.am-ին ասաց՝ տեղյակ են բողոքներին, քաղաքացիներին հորդորում են անպայման դիմում հասցեագրել ընկերությանը։ Ընկերությունից նաև ասացին՝ դեկտեմբերին ստացել են 158 դիմում, հունվարին՝ 176։ Համարում են՝ մեծ փոփոխություն չկա։
«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ:
Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»,-ասացին ընկերությունից։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, չնայած բազմաթիվ ու երկարատև զանգերին, որևէ մեկը չպատասխանեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան