Հայաստանից կաշվե իրեր կարտահանվեն ԵՄ, Ասիայի երկրներ և Ռուսաստան
Բիզնես Արմենիայի աջակցությամբ, ՌԴ-ում պայուսակների արտադրությամբ զբաղվող «Elmasta» ֆաբրիկայի և հայաստանյան ընկերությունների հետ համագործակցությամբ մեր երկրում կարտադրվեն կաշվե պայուսակներ։
Բիզնես Արմենիայի հանրային կապերից հայտնում են, որ ընկերություններին արտապատվիրված մոդելները, «Made in Armenia» մակնշմամբ, կարտահանվեն Եվրամիության, Ասիայի երկրներ և Ռուսաստան։ Առաջին խմբաքանակը դեպի Ռուսաստան նախատեսվում է արտահանել փետրվարի վերջին։
«Այս փուլում օտարերկրյա գործարարին ծանոթացնում ենք Հայաստան/ԵԱՏՄ հումքի ներմուծման, ապրանքի արտահանման ռեժիմներին, Եվրամիության GSP+, REX և այլ արտոնյալ ընթացակարգերին։ Բացի այդ, տեղական արտադրողների հետ կազմակերպել ենք B2B հանդիպումներ, որոնցից հետո էլ արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
«Elmasta» ընկերության մասնագետները հրավիրվել են այցելելու մարտին Մոսկվայում կայանալիք «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսի հայաստանյան տաղավար, որտեղ Բիզնես Արմենիայի աջակցությամբ ավելի շատ ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կլինի։
«Elmasta» կաշվե աքսեսուարների գործարանի սեփականատեր Վլադիմիր Ուլյանովը և «Ալյանս» ռուս-վրաց-հայկական գործարար կապերի հիմնադրամի փոխնախագահ Ինգա Դրինևսկայան Բիզնես Արմենիայի մասնագետների աջակցությամբ հանդիպումներ են ունեցել կաշվե իրեր և պայուսակներ արտադրող հայաստանյան «Արտիս», «Ամոռե» և «Սաֆիան» ապրանքանիշերը ներկայացնող ընկերությունների մասնագետների հետ, ծանոթացել արտադրական պոտենցիալին, ապրանքի որակին։ Որոշում է կայացվել Հայաստանում հիմնադրել ընկերություն և զբաղվել հայկական ապրանքների արտահանմամբ։