Լենա Նազարյան. Ուրցաձորում քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը
Փետրվարի 17-ին հանրապետության 24 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, թեև 7 կուսակցականներ ինքնաառաջադրվել են: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ եղել են համայնքներ, որտեղ ՔՊ անդամ թեկնածուները պարտվել են, եղել են համայնքներ՝ հաղթել են, ինչն, ըստ նրա, շատ նորմալ է:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ուրցաձոր համայնքում ընտրվել է այն համայնքապետը, որին իշխանությունները հեռացրել էին, Լենա Նազարյանը պատասխանեց՝ եղել են ընտրություններ, և քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ մի քանի համայնքներում, երբ կային համայնքի ղեկավարից դժգոհություններ, եղել է այնպիսի մոտեցում, որ պետք է բնակիչների ցանկությանն ընդառաջ գնալ, հետագայում եթե տվյալ մարդը ցանկանում է ընտրություններին նորից մասնակցել, կարող է առաջադրվել և ընտրվել:
«Փաստացի, դա էլ տեղի է ունեցել, և կարծում եմ՝ հանրության մոտ անակնկալի էլեմենտներ կան, երբ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել, բայց սա խոսում է այն մասին, որ Հայաստանում տեղի են ունեցել կարևոր փոփոխություններ, երբ իշխանությունն ամեն ինչ և ամեն տեղ չի վերցնում իր վերահսկողության տակ, այսինքն՝ Հայաստանում կարող են լինել դեպքեր, որ իշխանությունը կարող է պարտվել: Սա ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ընդգծեց Հայկ Կոնջորյանը:
Լենա Նազարյանն էլ հավելեց, որ եթե կուսակցությունը ցանկանար, կարող էր 24 համայնքում առաջադրել թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել:
«Մենք չենք ուզում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը, մենք ուզում ենք հատկապես ՏԻՄ ընտրություններն ազատ թողնել, անկախ նրանից՝ կուսակցության անդա՞մ են, թե՞ ոչ, իրենք առաջադրվեն, և համայնքը որոշի, թե ում է ուզում տեսնել համայնքի ղեկավար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան