Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերումից հետո Թուրքիան ձգտելու է իր ազդեցությունը ընդլայնել:
Այդ համատեքստում Ասադը նշել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերջին հնարավորությունը Սիրիայի իշխանությունների հետ համագործակցելն է։
Անդրադառնալով SDG-ի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությանը՝ Ասադն ասել է. «ԱՄՆ-ն ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից ձեզ ոչ մեկ չի կարող պաշտպանել։ Եթե դուք երկիրը պաշտպանելու համար ոչինչ չանեք, ապա կդառնաք նրանց (թուրքերի) ստրուկը»։
Խոսելով Սիրիայի նոր սահմանադրությունը գրելու աշխատանքներից՝ Սիրիայի նախագահն ասել է, որ դրանց ցանկանում են մասնակցել նաև ընդդիմադիր ուժերը։ Վերջիններիս Ասադն անվանել է «Թուրքիայի գործակալներ», ինչն էլ մեծապես զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։