Արցախում հիպոթեկային ծրագրերի բարեփոխումներ են կատարվել
Արցախում հիպոթեկային ծրագրերի բարեփոխումները ներկայացրել է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հաշվի առնելով դրանց շուրջ առկա հանրային հետաքրքրությունը, ծագող հարցերն ու պարզաբանումների կարիքը։
«Բնակելի տարածք ձեռք բերելու և/կամ վերանորոգելու նպատակով ֆինանսավարկային կազմակերպության կողմից տրվող կամ գործող վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափն ավելացվել է ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի հինգ տոկոսի չափով,
■ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար հանվել է բնակարանի ձեռքբերման և վերանորոգման, իսկ Ստեփանակերտ քաղաքում բնակարանի վերանորոգման նպատակներով հիպոթեկային վարկավորման աջակցությունից օգտվելու համար քաղաքացիների հաշվառման և բնակության սահմանված ժամկետները: Ստեփանակերտ քաղաքում բնակելի տարածք ձեռք բերելու համար այս ծրագրի աջակցությունից կարող են օգտվել նաև
• Ստեփանակերտ քաղաքում 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ԱՀ քաղաքացիները;
• ԱՀ զինված ուժերի սպայական կազմի և պայմանագրային հիմունքներով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները, ում ծառայության վայրը հինգ տարուց ավել գտնվում է Ստեփանակերտ քաղաքում (ամուսիններից առնվազն մեկը),
■ հանվել է բնակարանի ձեռքբերման համար 1 շնչի հաշվարկով սահմանված մակերեսի (30 մ²) սահմանափակումը,
■ արտարժույթով տրամադրված բնակարանի վերանորոգման վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման չափերը նույնպես, ինչպես նախկինում բնակարանի ձեռքբերման վարկերի դեպքում, կվերանայվեն հօգուտ շահառուների՝ վարկի տրամադրման արժույթի փոխարժեքի նկատմամբ վարկային պայմանագրի կնքման և յուրաքանչյուր հաջորդ 5-րդ տարվա նույն օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած` տվյալ արժույթի միջին փոխարժեքի աճ արձանագրվելու դեպքում,
■ պետական աջակցությունից օգտվող ընտանիքներում ամուսիններից մեկի մահվան դեպքում հիպոթեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի ամբողջությամբ,
■ բնակելի տան կառուցման և վերանորոգման նպատակով հիպոթեկային վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման աջակցությունից շահառուն կարող է օգտվել նույն բնակելի տան համար մեկից ավելի անգամ, սակայն վարկերի հանրագումարը չպետք է գերազանցի սահմանված առավելագույն արժեքները, ինչպես նաև բնակելի տան կառուցման աջակցությունից օգտվելուց հետո շահառուն կարող է օգտվել նույն բնակելի տան վերանորոգման աջակցությունից կառուցման աշխատանքների ավարտից հինգ տարին լրանալուց հետո,
■ այն շահառուն, ում հաշվարկմամբ մեկ անգամ սույն ծրագրի շրջանակում ստացվել է բնակելի տարածքի ձեռք բերման և/կամ վերանորոգման աջակցություն, կարգով սահմանված առանձին ընտանիք կազմելու դեպքում կրկին կարող է օգտվել նախատեսված պետական ֆինանսական աջակցությունից,
■ բնակելի տարածքի գնման կամ կառուցման համար վարկի առավելագույն արժեք է սահմանվել 44 մլն դրամը, իսկ արտոնյալ սոցիալական խմբերին պատկանող շահառուների դեպքում, եթե վարկի գումարը գերազանցում է 27 մլն դրամը, շահառուն օգտվում է ընդհանուր կարգով,
■ սուբսիդավորման ժամկետը սահմանվել է վարկի տրամադրման ժամկետին հավասար՝ միաժամանակ հիմնադրամին վերապահելով հինգ տարին մեկ անգամ համապատասխան մարմիններից շահառուի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում տոկոսադրույքի սուբսիդավորման պայմանների վերանայման մասին համապատասխան որոշում կայացնելու իրավունքը,
■ պահպանվել են արտոնյալ սոցիալական խմբերի համար սահմանված վարկերի կանխավճարների՝ պետության կողմից անհատույց կամ անտոկոս փոխառությամբ տրամադրվող չափերը` պարտադիր պայման սահմանելով 1-ին և 2-րդ խմբերի զինվորական հաշմանդամների ու ծնողազուրկ երեխաների համար վարկի անհարաժեշտ կանխավճարի՝ 5 տոկոսային կետի չափով, իսկ սոցիալական այլ խմբերի համար՝ 10 տոկոսային կետի չափով սեփական միջոցներով կանխավճարի մուծումը, ինչը նպատակ ունի հնարավորիս նվազեցնել հետագա մուծումների գումարները:
Կատարվել են նաև հետևյալ հստակեցումները՝
■ ամուսնալուծված և իր խնամակալության ներքո երեխա ունեցող անձը կարող է օգտվել վարկի տարեկան տոկոսադրույքի՝ պետության կողմից լրիվ սուբսիդավորման աջակցությունից, եթե ամուսնալուծության փաստն արձանագրվել է հայտը ներկայացնելու օրվանից առնվազն հինգ տարի առաջ,
■ բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվում է մինչև շինարարության թույլտվության ժամկետը, բայց ոչ ավել, քան վարկի տրամադրման օրվանից մինչև հինգ տարին լրանալը,
■ բնակելի տարածքի վերանորոգման նպատակով աշխատանքների իրականացման ժամկետը սահմանվում է վարկի տրամադրման օրվանից մինչև մեկ տարին,
■ վարկ ստացած շահառուի պարտավորությունների մարմանը կարող են ուղղվել նաև շահառուի ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձի եկամուտները՝ վերջինիս համաձայնությամբ, առանց համասեփականատեր դառնալու նախապայմանի,
■ շահառուի համաձայնությամբ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մի մասը Արցախի ներդրումային հիմնադրամը կարող է ստանալ համապատասխան մարմիններից»,-գրել է նա։