Անհանդուրժելի է նման իրավիճակում ստեղծագործողի հայտնվելը. Գևորգ Գևորգյան
«Մշակույթի նախարարությունը հայտարարությունում չորս էջ մեղադրանքներ սփռելուց հետ, ընդ որում ծանր՝ կոռուպցիայի մեջ, քրեական, վերջում նշում է, որ՝ «հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում»»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փետրվարի 3-ից հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Նրա խոսքով, նախարարության տրամաբանությամբ ստացվում է, որ «կարող եք քրեական հանցագործ լինել, կոռուպցիայի մեջ թաթախված լինել, պետության փողը վատնած լինել, բայց ներողամտաբար մեծ ժեստ են անում, ասում են ոչինչ, լավ, մի անգամ էլ մասնակցեք, որ հաղթեք, ֆինանսավորումը կշարունակենք»։
«Հերթական անգամ նախարարության՝ ինքն իրեն հակասելու քաղաքականության դրսևորումն է, որովհետև եթե վստահ էիք, որ ես սխալներ ունեի, բայց ուզում էիք շանս տալ, ինչո՞ւ նախորդ հանձնաժողովը չի արել դա, եթե նախորդ հանձնաժողովը մերժել է, ինչո՞ւ նոր հանձնաժողովը չպետք է մերժի։ Իրարամերժության կծիկ է, իրավական անգրագիտության կծիկ է»,- ասաց ռեժիսորը։
Հ. Գալստյանը նշեց, որ փակուղային իրավիճակի առաջ կանգնելով՝ նախարարությունը սկսել է տարբեր այլ հիմնավորումներ գտել։
Ասուլիսին ներկա Հայաստանի Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանին անհասկանալի է ստեղծված իրավիճակը։
«Տարօրինակ է, որ արվեստագետը հայտնվել է այս իրավիճակում։ Չեմ հասկանում, թե ինչու սիրո և համերաշխության մթնոլորտն այսօր վերածվել է դաժանության, միմյանց վիրավորելու մթնոլորտի, ինչու է փոխվել, ինչու հարցերը մարդկային ձևով, բանակցությունների միջոցով կարգավորելու փոխարեն անցել ենք ֆեյսբուքային գրառումներին, ինչու չի կարելի բոլոր հարցերը քննարկել հանձնաժողովներում, մարդավարի։ Դա չեմ հասկանում»,- նշեց նա։
Գ. Գևորգյանն ընդգծեց, որ անհանդուրժելի է նման իրավիճակում ստեղծագործողի հայտնվելը, չի կարելի ռեժիսորին այս վիճակի հասցնել։
Ասուլիսին ներկա Հ. Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանն ասաց, որ նախարարությունը հայտարարության մեջ նշված հարցերի վերաբերյալ կամ պետք է ապացույցներ ներկայացնի կամ հերքում, այլապես հերքման պահանջով դիմելու են դատարան։
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը, ով փետրվարի 3-ից Ազգային ժողովի մոտ հացադուլ է հայտարարել, պահանջում է վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ
- Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի
- Այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ ես կարող եմ հրաժարվել իմ ֆիլմին հատկացված գումարից
- Հացադուլ հայտարարած ռեժիսոր. Մի ֆիլմի պայքար չէ
- Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին
- Նաիրա Զոհրաբյանի հորդորներն անցել են ապարդյուն
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
- Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը
- Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան